Իտալիան կտուգանի ծովում միգրանտներին փրկած հասարակական կազմակերպություններին
Իտալիայի կառավարությունը որոշել է խստագույն տուգանքներ կիրառել այն փրկարարների նկատմամբ, որոնք միգրանտներին առանց թույլտվություն հասցնում են նավահանգիստներ: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
Նախօրեին ընդունված որոշման համաձայն ոչ- կառավարական հասարակական կազմակերպությունները ստիպված կլինեն վճարել 10 հազարից մինչև 50 հազար եվրո՝ փրկված միգրանտներին իտալական նավահանգիստներ տեղափոխելու համար։ Տուգանքները ստիպված է լինելու վճարել նավի կապիտանը, սեփականատերը։
Նշենք, որ Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին ջանքեր է գործադրում անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար:
Որոշման ընդունումը հետաձգվել էր ՄԱԿ-ի և Իտալիայի նախագահի աշխատակազմի քննադատության պատճառով, սակայն երեքշաբթի կառավարության նիստից հետո Սալվինին գովել է այն ու անվանել «քայլ՝ դեպի այս երկրի անվտանգություն»:
Պոպուլիստ առաջնորդը նաև ասել է, որ «լիովին համոզված է, որ այն համապատասխանում է բոլոր ազգային և միջազգային օրենքներին»: