«Ծիրանի» ռեստորանում կանցկացվեն պետական վերահսկողության միջոցառումներ
«Ծիրանի» ռեստորանում բազմաթիվ մարդկանց թունավորման պատճառը պարզելու համար Սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմինը չի հասցրել նմուշառում անել։
Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ թունավորման մասին տեղեկատվությունն իրենց հասել է երեք օր անց՝ հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 8-ին, թունավորման մասին տեղեկատվությունը՝ հունիսի 11-ին։
«Սակայն տեսչական մարմնի ղեկավարի հրամանով «Ծիրանի» համալիրում կանցկացվեն պետական վերահսկողության միջոցառումներ»,-Panorama.am-ին ասաց Անուշ Հարությունյանը։
Առողջապահության նախարարությունից հայտնել էին՝ հունիսի 11-ին առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար:
Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաև պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով` ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:
Այդ թվում միջոցառմանը մասնակցած 300-ից ավելի քաղաքացիների հետ անհատական կապ է հաստատվում:
«Աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշում են նախարարությունից։