Ուզում ենք` լավ լինի, բայց ստացվում է ինչպես միշտ. Ջանջուղազյան
ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց. «Երեք մարզերում՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, սահմանամերձ մոտ 31 համայնք՝ այդ թվում նաև Ճամբարակ քաղաքը, մոտ չորս տարի առաջ տարբեր հարկերից ազատվել են, դրա արդյունքում քանի՞ աշխատատեղ է ավելացել և նոր արտադրությունների արդյունքում ինչքա՞ն հարկեր են եկել այլ հարկատեսակների գծով։ Ի՞նչ եք կարծում՝ այդ ուղղությամբ արել ենք առավելագույնը, եթե էֆեկտը այդքան շատ չի»։
Նախարարը պատասխանեց, որ նման վիճակագրություն չունի. «Ես էլ կուզեի իմանալ, թե հարկերից ազատելու մեր գործողությունները տալի՞ս են այն արդյունքները, ինչ ակնկալում ենք։ Որպես կանոն, մինչ այս տրված արտոնությունների արդյունքները բավարար չափով վերլուծված չեն: Մեր կարծիքով՝ դա ամենաարդյունավետ գործիքը չի, որովհետև պետք է գտնել ճիշտ թիրախը և հասցեական ազդեցություն ունենալ փոփոխության ազդակը հաղթահարելու ուղղությամբ։ Ուզում ենք` լավ լինի, բայց ստացվում է ինչպես միշտ։ Այն ժամանակ, երբ համատեղ քննարկել ենք և որոշում կայացրել, բացահայտած չենք եղել` դա ամենանշանակալի գործո՞նն է, թե՞ ոչ, դա՞ է խոչընդոտը, որ սահմանամերձ բնակավայրերում տեղի չի ունենում տնտեսության վարում այնպես, ինչպես կուզենայինք»։
Պատգամավորն արձագանքեց, որ խնդիրը նրանում է, որ միայն հարկային արտոնություն տալով կամ սուբսիդավորելով` արդյունք չի լինում։
«Կոմպլեքս միջոցառումներ են պետք։ Միգուցե սահմանամերձ գոտիներում լրացուցիչ այլ միջոցառումներ են անհրաժեշտ, արդեն չորս-հինգ տարի է անցել, պետք է այդ փորձն ուսումնասիրենք և շարժվենք առաջ։ Կառավարության ո՞ր մարմինը պետք է դրա մասին մտահոգվի»,- ասաց Մելքումյանը։
Ջանջուղազյանը նշեց, որ լիովին համաձայն է հնչեցվածի հետ. «Պետք է համապարփակ լուծումներ գտնվի։ Իսկ թե որ մարմնի հետ է կապված, կախված է նրանից, թե մենք քաղաքականության միջոցառումների որ բազմության մեջ ենք տեսնում»։