ՊՎԾ-ն կոչ է անում ԵՊԲՀ-ի մասին իրենց տարածած հայտարարությունը չմեկնաբանել որպես մեղադրական եզրակացություն
Պետական վերահսկողական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Երևանի Պետական Բժշկական համալսարանի վերաբերյալ ծառայության կողմից տարածած հաղորդագրությանը։ Հիշեցնենք, որ վերջինին հաջորդեց համալսարանի արձագանքը։
«Հաշվի առնելով մամուլում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հունիսի 10-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակված տեղեկատվության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում ընդգծել․
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական հրապարակման մեջ նշված բոլոր դրույթներն արդեն իսկ հիմնավորվել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստերով, և վերջիններս չեն պարունակում իրավական գնահատականներ:
Ավելին, հայտարարությամբ հստակ նշված է, որ հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։ Այնպես որ, բոլոր լրատվական միջոցներին և ԵՊԲՀ-ին կոչ ենք անում հայտարարությունը չմեկնաբանել որպես «մեղադրական եզրակացություն»։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ տեղեկատվությունը հրապարակվել է նախքան վերահսկվող օբյեկտից կարծիք ստանալը, տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որևէ իրավական նորմով կաշկանդված չէ հրապարակումներ իրականացնելու ինչպես ուսումնասիրության ընթացքում, այնպես էլ ուսումնասիրության ավարտից հետո։
Անհրաժեշտ է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը թիրախավորված և անձնավորված ուսումնասիրություններ երբևէ չի իրականացրել և չի իրականացնում։ Ինչպես հայտնի է, ուսումնասիրություններ են իրականացվել նաև այլ ԲՈՒՀ-երում, ներկայումս ևս մեկ ուսումնասիրություն է իրականացվում ԲՈՒՀ-երից մեկում։ Բացի այդ, խնդրո առարկա ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրության ողջ ժամանակահատվածի, այդ թվում նաև՝ 2017-2018 թվականներին իրականացված գործունեության վերաբերյալ։ Ուսումնասիրության մաշտաբայնության հետևանքով արդյունքների ամփոփումը տևել է մոտ մեկ ամիս։
Հետգրություն։ Կոչ ենք անում ԵՊԲՀ-ի պաշտոնատար անձանց տեղեկանքում առկա տեղեկատվությունն առանց համապատասխան թույլտվության չհրապարակել՝ հաշվի առնելով այն, որ տեղեկանքն ուղարկվել է իրավապահ մարմնի»,-ասված է համալսարանի տարածած հայտարարության մեջ։