Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 14-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունն այսօր հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 14-ին՝ ժամը 10:30-ին: Այս մասին հայտարարեց դատավոր Արմեն Դանիելյանը։
Այս ընթացքում պաշտպանական կողմին պետք է տրամադրվի նրա կողմից պահանջվող որոշակի նյութեր՝ այդ թվում վերաքննիչ դատարանում բողոքները վարույթ ընդունելու մասին։
Դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ քրեական գործի հատորների քանակն ավելացել է և որ այդ մասին տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից՝ 83 հատոր դատական գործը դարձել է 88 հատոր: Գործի ավելացած հատորների բովանդակությանը ծանոթանալու նպատակով պաշտպանները խնդրեցին տրամադրել հատորները և ժամանակ: Ուստիև, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց երկու օր հետո։
«Հիմա ես աշխատակազմին կհանձնարարեմ, անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները պատրաստեն ձեզ փոխանցելու համար»,-ասաց դատավոր Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնեց դատավարության մասնակիցներին ու հեռացավ։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին:
Ըստ պաշտպանական խմբի՝ գործը դատավոր Դանիելյանին է հանձնվել կասկածելի հանգամանքներում, և պաշտպանների գնահատմամբ` դա տեղի է ունեցել պայմանավորված դատավորի անձի առանձնահատկություններով։
«Հավանաբար, նկատի են ունեցել, որ Դուք այն դատավորն եք, ով հազվադեպ է կայացնում այնպիսի դատական ակտ, որը հակասի Դատախազության դիրքորոշմանը»,- ասաց Հայկ Ալումյանը։
Պաշտպան Ալումյանի միջնորդությանը միացավ Ռոբերտ Քոչարյանն ինչպես նաև պաշտպանական խմբի մյուս անդամները՝ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը և ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը ներկա չէր՝ քանի որ կարճատև արձակուրդում է: Դատական նիստին մասնակցում էին նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը
- Վերաքննիչ դատարանում նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Դավթյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան