Չնայած կոտրվածքին՝ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը շարունակում է մարզվել
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում կայացած Գրան պրիի ժամանակ ձեռքի կոտրված է ստացել:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցում Ստեփանյանի մարզիչ Արմեն Գյոզալյանը պատմել է.
«Մոսկվայի մրցումների ժամանակ Էդգարը օմնյում ձևի խմբակային վազքին էր հասել: Բավական լավ արդյունք ուներ: Երկրորդ շրջանում բելառուս մարզիկի հեծանիվի շղթան պոկվեց: Էդգարն էլ այդ արագության տակ հազիվ կարողացավ ձեռքով մեղմել անկումը՝ հակառակ դեպքում ավելի լուրջ ու վտանգավոր հետևանք կարող էր լինել:
Էդգարի ձեռքն այժմ գիպսի մեջ է: Նա «Օլիմպավանում» է: Բժիշկ Դավիթ Մոսինյանը նրա կողքին է, հնարավոր ամեն ինչ անում է: Չնայած կոտրվածքի՝ Էդգարը շարունակում է մարզումները հատուկ մարզասարքերի վրա: Մարզավիճակ ենք պահում: Նա բնավորությամբ մարտիկ է: Ասում է, եթե կես տոկոս հնարավորություն էլ լինի՝ մասնակցելու ենք Եվրոպական խաղերին: Վաղը պետք է նորից ստուգումներ անցնենք և գիպսը փոխարինենք բեկակալի, որը հնարավորություն կտա բռնել հեծանիվի ղեկը: Տրամադրությունը մարտական է: Լավատեսորեն ենք տրամադրված»: