Մնացականյանը Մոգերինիին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները
Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստը լավ առիթ է՝ ամփոփելու և գնահատելու խորհրդի առաջին նիստից հետո կատարված աշխատանքները և ուրվագծելու գործընկերության շրջանակներում ձեռնարկվելիք հետագա քայլերը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորել է կառավարության որդեգրած բարեփոխումների և զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականությունը: ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք օրակարգային հարցերի շուրջ:
Բարձր հանձնակատարի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։
Նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը և այս տեսակետից կարևորել հրադադարի անվերապահ պահպանումը և ամրապնդումը: Երկուստեք արժևորել է վստահության ամրապնդման միջոցառումների և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման պայմանավորվածությունների իրականացումը: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին