Թևան Պողոսյան. Ցանկացած գործընթաց, որը տեղի է ունենում ՀՀ-ում և ԼՂՀ-ում, միշտ պայմանավորված է անվտանգությամբ
«Անկախ այն բանից, թե ով ինչ կարգավիճակ է տեսնում Արցախի համար, միևնույնն է, տասնամյակներ ի վեր մի ճիշտ սկզբունք է գործել, որ Ստեփանակերտում դե ֆակտո իշխանությունները պետք է համահունչ լինեն Երևանի հետ»,- «Պաշտոնանկություններ Արցախում. գնահատականներ. Հայաստան-Արցախ հարաբերություն» թեմայով քննարկմանն ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Նրա խոսքով, տեղի է ունենում այն, ինչ բնական է, պետք է տեղի ունենար։
«Հայաստանի մայրաքաղաքում, իսկ Հայաստան ասելով ներառում եմ նաև Արցախը, տեղի է ունեցել ըստ տարբեր մոտեցումների հեղափոխություն, հետևաբար այս գործընթացը պետք է ներառի իր մեջ նաև ստեփանակերտյան վերնախավը։ Այսօր դեռևս Արցախում իշխողները, այդ թվում նաև նրանք, ովքեր հեռացել են, մասն են կազմում հին վարչախմբի, հետևաբար պետք է հեռնանան, հնարավորություն տան որպեսզի նոր, թարմ ուժեր գան համահունչ և համերաշխ հարաբերությունները շարունակելու համար»,- ասաց Ա. Պապյանը։
Քննարկմանը ներկա Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով, ցանկացած գործընթաց, որը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, միշտ պայմանավորված է մի գլխավոր խնդրով՝ անվտանգություն։
«Այդ անվտանգության տեսակետից ելնելով՝ ինչ փոփոխություններ էլ որ լինում են կամ չեն լինում, կան զսպող ուժեր, կարմիր գծեր, որոնք կարելի է հատել, և կան գործընթացներ, որտեղ բոլոր հաշվարկները ճիշտ ձևավորվում են անվտանգության ապահովման համար»,-ասաց նա։
Թ. Պողոսյանի խոսքով, մի քանի փոփոխություներ կախված են անվտանգության խնդիրների զարգացմամբ, մյուսներն էլ գալիս են նրանից, որ Արցախում սպասվում են ընտրություններ։ Նրա խոսքով, ավելի շատ պետք է շեշտը դնենք ապագայի վրա. «Ինքներս, ոնց որ թե այս եղած լարված իրավիճակում մի բան էլ ավելի ենք լարում, այսպիսով ձևավորում ենք իրավիճակ, որ մեր թշնամիներն են օգտվում»։
Թ. Պողոսյանը մի առաջարկ արեց. «Քանի որ միջազգային հանրությունը չի անում, ապա Հայաստանի կառավարությունը հաշվարկի, թե ինչքան գումար է անհրաժեշտ, օգտագործելով բոլոր միջազգային նորմերին համապատասխան կանչերը, հրավիրի միջազգային դիտորդների, Հայաստանի մի ՀԿ-ի հնարավորություն տա մեկնելու Արցախ։ Այն, ինչ եվրոպական շատ ինստիտուտներ եկել և արել են Հայաստանում իրականացվի Արցախում։ Այս ամեն ինչով կնպաստեն անվտանգության այն բաղադրիչին, որը կոչվում է ժողովրդավարություն, կանենք ամեն ինչ, որ Արցախում 2020 թվականի ընտրություններին ունենանք առնվազն մակարդակի զարգացում, քանի որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, նաև այդ իմաստով իր նպաստը կբերի այնտեղ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը»,- ասաց Թ. Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին