Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ. Վահե Գրիգորյան
«Քաղաքական մի մարմնից քաղաքական մյուս մարմնի առաջադրում է տեղի ունեցել»,- խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք օրենքի խախտում չէ իր թեկնածության երկրորդ անգամ առաջադրելը, նա պատասխանեց, որ որևէ խախտում չկա. «Սա հանրապետության գլխի սահմանադրական լիազորության իրականացումն է, և օրենսդիրը չի կարող դրան միջամտել»։
Մեկ այլ հարցի, թե ընդդիմադիրները մտահոգություն են հնչեցնում, որ ինքը բավական լավ հարաբերություններ ունի իշխանության ներկայացուցիչների հետ, և կարող է դրանով կաշկանդված լինել, նա պատասխանեց. «Ես այդ պաշտոնում ընտրվելու դեպքում երդում եմ տալու, բայց դա չի նշանակում, որ երդում եմ տալու որևէ խմբավորման ներկայացուցիչ լինելու։ Ես չեմ գնում այնտեղ շարունակելու հին ավանդույթները»։
Թեկնածուն նաև հույս հայտնեց, որ կընտրվի։
Լրագրողի հարցին, թե իր քաղաքական հայացքները չե՞ն խանգարի այդ պաշտոնում աշխատելիս, նա նշեց, որ պետք է արձանագրել մի բան՝ Հայաստանում չկա մարդ, որ չունենա քաղաքական հայացքներ։
«Քաղաքական հայացք չունենալը ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ դատավորի համար։ Այլ խնդիր է, թե որքանով են այդ հայացքները ազդում դատավորի՝ արդարադատության իրականացման վրա։ Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, չեմ կարող չունենալ։ ՍԴ ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական մարմին է, կներեք, այս պետությունում ամենաքաղաքական որոշումներ կայացնողը հենց Սահմանադրական դատարանն է։ Ես երբեք չեմ արդարանալու, որ ճնշման տակ եմ եղել։ Որ պահին ես ճնշման տակ կլինեմ, ես այլևս դատավոր չեմ լինի»։
Ինչ վերաբերում է դատարանների դիմաց հանրահավաքներ անելուն և որ դրա գաղափարն իրենն է եղել, նա նշեց. «Ցանկացած հավաք պետք է անցկացվի ապահով հեռավորության վրա։ Ինչ վերաբերում է գաղափարին, ոչ, դա իմ ոճը չի, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց դա իմ ոճը չի հաստատ»։
Անդրադառնալով Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ լինելուն, ասաց, ինքը չի մասնակցելու այդ գործի վերաբերյալ ՍԴ-ում քննությանը։
«Ես այդ գործի քննությանը չեմ կարող մասնակցել, որևէ կարգավիճակով չեմ կարող մասնակցել։ Ես այդ գործի քննությանը մասնակցել եմ, եղել եմ ներկայացուցիչ, իսկ հիմա օրենքով չեմ կարող մասնակցել»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գրիգորյանն «Իմ քայլ»-ի հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսքի հասնող ամբարտավանությամբ
- Ընդամենը մեկ տարի առաջ Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանին որակում էր որպես ոչ լեգիտիմ նախագահ. Իվետա Տոնոյան
- Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին
- Սահմանադրագետ. Նախագահի փոխարեն լինեմ, Վահե Գրիգորյանի թեկնածությունը չեմ առաջադրի
- Հույս ունեմ, որ այսօր սկսվելու է Հայաստանում վերափոխումների մի նոր ընթացք. Վահե Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան