«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» գործով դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, այսօր ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի քննությունը: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան: Հայցի առարկան է՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:
Նախօրեին կայացած դատական նիստում պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն ասաց․ «Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից վերաբերվել է Սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:
Այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը գրավոր դիմում ներկայացրեց դատարանին՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ:
Այսօր նիստի ժամանակ վարչապետի փաստաբան Գևորգ Գյոզալյանը 650 հազար դրամի չափով փոխհատուցման պահանջ է ներկայացրել հայցվորին։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դատարանը դրան կանդրադառնա իր դատական ակտում։
«Իմ վստահորդը, բնականաբար, կատարել է ծախսեր, ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի եկամտի միակ աղբյուրն իր աշխատավարձն է և որպեսզի կանխվեն հետագա անհիմն հայցերը իմ վստահորդի դեմ, ապա մենք հետամուտ ենք լինում, որպեսզի այդ հարցը լուծվի։ Այն մարդիկ, ովքեր իմ վստահորդի դեմ անհիմն հայցեր կներկայացնեն, այդ մարդիկ պետք է դրա համար վճարեն», - ասասց Գևորգ Գյոզալյանը։
Դատական նիստում Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ 650 հազար դրամը ողջամիտ չէ։ Գ. Գյոզալյանն ասաց, որ չի կիսում այդ կարծիքը, դատարանը որոշում կկայացնի։
«Ծախսերը գոյացել են փաստաբանական ծախսերից։ Իմ վստահորդը այն ժամանակ վճարել է «Գյոզալյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակին, որպեսզի վերջինս մատուցի իրավաբանական բնույթի ծառայություններ։ Այդ ծառայությունները մատուցվել են»,- ասաց նա։
Հ. Ալումյանը լրագրողներին ասաց, որ դատական ծախսերի չափը համարել է ոչ ողջամիտ՝ նկատի ունենալով, որ այս դատավարությունը փաստացի տեղի չի ունեցել։
«Եթե այս դատավարությունը տեղի ունենար ու տևեր բավական երկար ժամկետ, ես էլ իմ հերթին դատական ծախսեր կներկայացնեի ու դա կլիներ ողջամիտ», - նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյանը հայտարարեց ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցից հրաժարվելու մասին
- ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել գործող վարչապետի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան