Օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ մարտավարական աշխատանքի առումով խնդիր չունենք. ԱԳ նախարար
Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գերմանական Deutsche Welle լրատվամիջոցի թղթակիցը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվել է. «Պարոն նախարար, գիտեմ, որ Գործընկերության խորհրդում Հայաստանն ավանդաբար ներկայացաված է արտգործնախարարի մակարդակով: Այդուհանդերձ, արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի նախատեսում գլխավորել Խորհրդում Հայաստանի պատվիրակությունը։ Նկատի ունեմ, խորհրդանշական կլիներ ցույց տալ, թե որոնք են Ձեր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունները»։
Ի պատասխան արտգործնախարարն ասել է. «Նշեմ, որ Հայաստանն առավել շատ ուշադրություն է դարձնում ոչ թե ձևին, այլ բովանդակությանը։ Եվ կրկնեմ, որ վարչապետի անմիջական մասնակցությամբ ունեցել ենք բոլոր մակարդակներով փոխանակումների, քննարկումների և հանդիպումների դինամիկ տարի։ Այս տեսանկյունից բավականին հագեցած տարի էր, և մենք դրանով կանգ չենք առնելու:
Ես հենց նոր բացման խոսքում նշեցի վարչապետի երեք 3 այց: Երկկողմ այցը տեղի է ունեցել այս տարվա մարտին, նախկինում եղել է մեծ ներգրավվածությամբ հանդիպում Բրյուսելում 2018թ.-ին, երբ մենք ունեցանք ներգրավվածություն ԵՄ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ նախագահ Տուսկի, նախագահ Յունկերի և բարձր հանձնակատար Մոգերինիի հետ: Ուստի կարծում եմ, որ վարչապետը անձամբ շատ լավ ճանաչում է Եվրոպական միության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին այսքան ծավալուն և դինամիկ երկխոսության և ներգրավվածության շնորհիվ: Ուստի այդ առումով որևէ կասկած չկա: Ցանկանում եմ նաև ընդգծել վարչապետի ներգրավվածությունն Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիված մջոցառումներին այս տարվա մայիսին: Այսքանը վարչապետի առչությամբ:
Ինչ վերաբերում է բովանդակությանը, ես նաև ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, թե ինչպես ենք մենք կազմակերպել մեր աշխատանքը՝ կիրարկելու այն, ինչ ես անվանում եմ մեր հարաբերությունների սահմանադրական շրջանակ, այն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվ այդ նպատակով մենք Հայաստանում ունենք շատ կարևոր համակարգող մեխանիզմ, որը նախագահում է Հայաստանի փոխվարչապետը, և որը շատ լայն և համընդգրկուն աշխատանքում ներգրավվում է բոլոր պետական գերատեսչություններին և նախարարություններին: Դրա արդյունքն այն ճանապարհային քարտեզն է, որը ես արդեն իսկ անվանեցի թիրախային, համակարգային փաստաթուղթ ՀԸԳՀ-ի թիրախային և կառուցվածքային կիրարկման համար: Մենք այսօր ներկայացված ենք ի դեմս մի շարք նախարարություններում մեր գործընկերների։ Սա է մեր աշխատելաոճը՝ նման համախմբված ձևով միս ու արյուն հաղորդելու Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններին՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի վրա։
Այսպիսով, կարծում եմ միմյանց լավ ճանաչելու և մեր կարևոր օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ մարտավարական աշխատանք իրականացնելու առումով խնդիր չունենք։
ԱԳ նախարար Մնացականյանի խոսքն ամբողջությամբ՝ գերատեսչության պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին
- Մնացականյանը Մոգերինիին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները
- Վաղը կկայանա Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան