Լևոն Քոչարյան. Առաջին շահագրգիռ մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն
«Զոհերից հետո առաջին շահագրգռված մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն։ Ամենայն անկեղծությամբ»,- Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով, շատ ցավալի է, որ այդ ամեն ինչը փորձում են իրենց հետ կապել, ինչ-որ մարդկանց մոտ տպավորությունը ստեղծվում է, որ դա այդպես է։
«Շատ վատ է, երբ մի բան օդիչ կախված է մնում։ Այդպես օդից կախված պահում են, մի կողմից մարդկանց մոտ կասկածը չի փարատվում, մյուս կողմից տեղ է տալիս, որ իրենք այդ ենթադրությունները շարունակեն անել։ Ամենից լավ բանը կլինի, որ բացահայտվի, միայն ուրախ եմ, որ այդ մասով ինչ որ բան առաջ է գնում»,- ասաց Լ. Քոչարյանը՝ պատասխաելով լրագրողի հարցին, որ «Մարտի 1»-ին Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով կալանավորվել է ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը։
Պատասխանելով դիտարկմանը, որ «Մարտի 1»-ի թեման հիմնականում կապվում է իրենց ընտանիքի անվան հետ, նա նշեց, որ համարում է՝ մարդկանց մոլորեցրել են։
«Դա կոնկրետ նպատակ է հետապնդել այն մարդկանց, շրջանակների կողմից, ովքեր մոլորեցրել են այդ մարդկանց։ Ըստ էության, այդ մարդկանց վշտի վրա ինչ-որ նպատակներ հետապնդելով են դա արել», - ասաց Լ. Քոչարյանը։
Հարցին, թե պարբերաբար նշվում է, որ դատական նիստերի օրերին դատարանների մոտ ակցիաների կազմակերպիչները դուք եք, նաև կազմակերպման համար գումաներ են ներդրվում, նա ասաց. «Եթե կան նման փաստեր, ինձ էլ ասեք։ Ինձ համար շատ ցավալի կլինի, եթե մարդ պետք է գա այստեղ աջակցի, գումարի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան