Եկամտային հարկով կփոխհատուցվի միայն մագիստրատուրայի՝ աշխատող ուսանողների դեպքում․Գաբրիելյան
«Քանի որ աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին օրենսդրական նախաձեռնությունը հեղափոխական մոտեցում է, մենք առաջարկում ենք սկզբնական փուլում այն կիրառել միայն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում՝ հասկանալու համար, թե պրակտիկայում օրենքն ինչ կիրարկում կունենա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նա նշեց, որ ռիսկերը գնահատելուց հետո հետագայում, եթե հնարավոր լինի արդեն «Կրթության մասին» օրենքի շրջանակում նոր փոփոխություն անել, ապա գուցե կիրառվի նաև բակալավրիատում. «Կարծում ենք՝ մագիստրատուրայի դեպքում մեր երիտասարդները գիտակցված ընտրություն են կատարում»։
Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմախոսները հիմնականում նշում են, որ այստեղ խտրական մոտեցում կա և ինչ մեղք ունեն չաշխատող ուսանողները, պետք է համակարգային մոտեցում, պատգամավորը պատասխանեց. «Խտրականություն կլիներ, եթե ասեինք, որ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու են ոչ բոլոր ուսանողներին։ Խտրականություն կլիներ, եթե ասեինք, որ օրենքը վերաբերում է, օրինակ՝ միայն ինժեներներին, իսկ օրենքը բոլոր աշխատող ուսանողներին է վերաբերում, այս դեպքում խտրականությունը չեմ հասկանում»։
Ինչ վերաբերում է միջին շեմին, Գաբրիելյանն ասաց, որ այդ հարցերը թողել են կառավարության կարգավորմանը. «Նախագծով առաջարկել ենք, որպեսզի կառավարությունը սահմանի այդ շեմը»։