Համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը՝ ռազմավարություն
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր մարզերում կարևոր խնդիր լուծելու պատասխանատու գործընկերությունը: Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում, հերթական խնդիրն է լուծվել. Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղն ապահովվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգով։ Ծրագիրն իրականացվել է երկու փուլով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ 2017թ.-ին, կողմերի գործակցությամբ՝ տեղակայվել է 41 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Դրա արդյունքում, լուսավորվել է 1500 մետր երկարությամբ տարածք: Ծրագրի երկրորդ փուլով ևս 42 LED լուսարձակ է տեղադրվել՝ կրկնապատկելով լուսավորված տարածքը: Ընդհանուր առմամբ, երկամյա ծրագրերի արդյունքում, լուսավորվել է Զառիթափ գյուղի փողոցների զգալի մասը՝ շուրջ 3000 մետր երկարությամբ տարածք: Տեղակայվել է լուսադիոդային 83 լուսարձակ:
Էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և համայնքի բնակիչներ:
«Միշտ կարևոր ենք համարել այն ծրագրերը, որոնց հիմքում երկարաժամկետ արդյունավետությունն է: Հատկապես սահմանամերձ գյուղերում կա դրա անհրաժեշտությունը: Թվում է, թե սրանով լուծվել է ուղղակի արտաքին լուսավորության խնդիր, սակայն օգուտներն ավելին են ու իրենց զգացնել են տալու թե՛ այժմ, թե՛ տարիներ անց: Սա համայնքի համեստ բյուջեն առավել արդյունավետորեն կառավարելու հնարավորություն է. էներգախնայող համակարգի գործարկումից տնտեսված միջոցները կարող են կարևոր այլ նպատակի ծառայել: Դե իսկ բնապահպանական օգուտների, համայնքային կյանքի աշխուժացման և մեր հայրենակիցներին հոգեբանորեն աջակցելու մասին բազմիցս ենք խոսել: Ուրախ եմ լուսավորված հերթական բնակավայրի հաջողության համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացումը թիրախավորած գործընկերները չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը. դա նպաստում է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանությանը, այլև բարձրացնում է էներգախնայողության արդյունավետությունն ու նպաստում համայնքային զարգացմանը:
Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Զառիթափի փողոցներն ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին