Վալանսի քաղաքապետ․ Վերահաստատում եմ իմ աջակցությունն Արցախին ու նրա ինքնորոշմանը
«Ֆրանսիայի և Արցախի համայնքների միջև բարեկամության հռչակագրերի դեմ վեճերի բազմապատկումը կասկածի տակ չի դնի երկու ժողովուրդների փոխադարձ բարեկամությունը, որը խորհրդանշական էր դառնում այդ տեքստերով»,- հայտարարել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ, տարածաշրջանի փոխնախագահ Նիկոլաս Դարագոնը՝ արձագանքելով Ֆրանսիայի դատարանների կողմից Ֆրանսիայի ու Արցախի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի չեղարկմանը։ Այս մասին գրում է Nouvelles d'Arménie-ն։
Վալանսի քաղաքապետը, որը բարեկամության հռչակագիր էր ստորագրել Ստեփանակերտի հետ, հայտարարում է, որ անկախ արտաքին ճնշումներից, որը բոլորին է հայտնի, թե որտեղից է, վերահաստատում է իր աջակցությունն Արցախին, նրա՝ ազատ ընտրված իշխանություններին ու ինքնորոշման քաղաքականությանը։
Նիկոլաս Դարագոնը նշում է, որ Գրենոբլի դատարանի կողմից Ստեփանակերտի ու Վալանսի միջև բարեկամության հռչակագրի չեղարկումը իր մոտ չի առաջացնում այդ տեքստի ստորագրման զղջում։
«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այն արտահայտում է բարեկամական կամքը»,-ասում է Վալանսի քաղաքապետն ու հավելում, որ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են կնքել բարեկամության մասին հռչակագրեր։
Քաղաքապետը քննադատում է նաև Ֆրանսիայի իշխանությունների երկակի ստանդարտները, նշելով, որ ընդամենը ամիսներ առաջ էր, որ Ֆրանսիայի նախագահը հավաստիացրեց հայ համայնքին, որ հումանիտար կամ կրթական նպատակներով հռչակագրերը չեն հետապնդվի:
«Եվ միևնույն ժամանակ, դատավարությունները շարունակում են ծաղկել, նմանվելով կախարդների որսի՝ ազդակներ հղելով ռազմատենչ Ադրբեջանին։ Գործելով երկարատև բարեկամության ու կարճաժամկետ տնտեսական շահերի միջև վերջինիս օգտին, ներկայիս կառավարությունը խախտում է ազատության ձգտող ժողովուրդների նկատմամբ Ֆրանսիայի հավասարակշռված ու բարոյական մոտեցման երկար ավանդույթը»,-ասվում է Վալանսի քաղաքապետի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է զբաղվում Հայաստանի իրական խնդիրներով. Վահե Հովհաննիսյան
- Ֆրանսիայի դատարանը չեղարկել է Առնուվիլի ու Արցախի գյուղի միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը