Դատախազը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դատարան մտել փակ մուտքից
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը։ Նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը։
Նիստի սկզբում Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք տեղեկություն ունենք, որ արդեն երկրորդ դատական նիստին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստերի դահլիճ է մտնում դատարանի փակ մուտքից։ Պաշտպանության կողմից պարզաբանում ենք ակնկալում՝ ինչի հիման վրա, ինչ նկատառումներից ելնելով, արդյոք չի ենթադրում շփում գործը քննող դատավորի հետ»։
Դատավորն ասաց, որ որևէ շփում չի կարող լինել, չկա նման բան, միաժամանակ նշեց, որ նման հանձնարարություն, կարգ իր կողմից չի սահմանվել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ Հայաստանի բոլոր պաշտոնաթող նախագահները համապատասխան օրենքի համաձայն ունեն հատուկ կարգավիճակ, որի շրջանակներում տեղաշարժվում են անվտանգության ծառայողների ուղեկցությամբ, համապատասխանաբար նաև դատական նիստերի դահլիճ մուտք են գործում այլ մուտքից։ Նա նշեց, որ նման կարգավիճակ չունի դատախազը, այդ իսկ պատճառով Առաջին ատյանի դատարանում նման խնդիր էր բարձրացվել։
«Եթե դատախազությունը կարծում է, որ սա ռիսկ է առաջացնում դատարանի կողմնակալության մասով, խնդրեմ միանալ մեր կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին:
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Դատական դեպարտամենտի պատճառաբանությունը չի բխում օրենքից, ԲԴԽ որոշումից
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 14-ին
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին բավարարել ինքնաբացարկի միջնորդությունը
- Այսօր վերաքննիչ դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով տուժողների ներկայացուցիչների բողոքները
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ հունիսի 12֊ին
- Դատարանն արձանագրել է՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են
- Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց
- Այսօր դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցը
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան