Արթուր Վանեցյան. Ես շատ ամաչում եմ գաղտնալսման փաստից
«Ովքեր թիրախում են Ազգային անվտանգության ծառայությունը, բացասական բաներ են խոսում ազգային անվտանգության մասին, մեծ դեպքերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են տարածում ԱԱԾ և իմ մասին»,- ShantNews-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, այդ մարդիկ ուղղակի պետք է հաշվի առնեն ու նկատի ունենան, որ եթե իրենք գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են ու ինչ-ինչ նպատկաներով թիրախավորում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն, ելնելով իր առանձնահատկություններից, դրա մասին իմանում է, ուղղակի իրենք չենք բարձրաձայնում, թե որտեղից են ուղղորդվում այդ քննադատությունները։
«Բայց կա շատ փոքր մարդկանց խումբ, որոնք այսօր որոշել են թիրախավորել ԱԱԾ-ին, որովհետև կան ինչ-ինչ պատճառներ։ Իրենց ձեռք չի տալիս, որպեսզի ԱԱԾ-ն երկրում ունենա նման հեղինակություն, նման վստահության արժանանա հասարակության կողմից, ժողովուրդը հավատա ԱԱԾ-ին», - նշել է նա։
Ա. Վանեցյանն ասել է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից ամեն ինչ արել է, որ ժողովրդի շրջանում վստահություն ձեռք բերեն, ու կարողացել են հասնել դրան։
«Առողջ քննադատությունը, որը հնչում է ԱԱԾ-ի վերաբերյալ, մենք միշտ լսում ենք, ընդունում ենք ու քայլեր ենք ձեռնարկում, եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել, բայց այն կեղծ ու ստահոդ լուրերը, որոնք տարածվում են ԱԱԾ-ի մասին, անընդունելի են», - ասել է նա։
Ա. Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ-ն հիմնականում զբաղվում է հետախուզությամբ և հակահետախուզությամբ, ինչպես նաև պայքարում է հնարավոր ահաբեկչական գործողությունների դեմ, բայց դրանք այն գործառույթներն են, որոնց մասին խոսել ուղղակի հնարավոր չէ։
«Մենք երբեք չենք անցնում մեր լիազորությունների շրջանակը ու գործում ենք օրենքով մեզ վերապահված լիազորություններրի մեջ», - ասել է ԱԱԾ տնօրենը։
Խոսելով իր ու ՀՔԾ պետի մասնակցությամբ հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի մասին, Ա. Վանեցյանն ասել է, որ հարուցված քրեկան գործի մանրամասներին տեղյակ չէ, որովհետև գործը վերաբերում է իրեն ու փորձում է զերծ մնալ դրա մանրուքներին տեղեկանալուց։ Նա նշել է, որ քննության ավարտին բոլոր փաստերն ի հայտ կգան։
«Շատ ցավալի է, որ նման դեպք տեղի ունեցավ։ Ուզում եմ ասել, որ ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես շատ ծանր եմ տանում ու շատ ամաչում եմ գաղտնալսման փաստից, որը տեղի է ունեցել։ Բայց եթե օբյեկտիվ և սթափ նայենք այս ամեն ինչին, այս տեխնիկայի զարգացման պարագայում նման դեպքերը բացառել ուղղակի անհնարին է։ Աշխարհի հզորագույն պետությունների ղեկավարներից սկսած ու վերջացրած մնացածից, նմանատիպ պատմության մեջ հայտնվել են, և մենք այսօր փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքերը այլևս բացառենք», - ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ նախագահ. Հնարավոր է՝ հարևան երկրներից մեկից է տարածում ստացել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի բովանդակությունը
- Չեմ կարծում, որ դա տեղին հումոր էր. Վանեցյան
- Արթուր Վանեցյանին չեն կարող գաղտնալսել
- Գաղտնալսումը մոնտաժված է, կան դրվագներ, որոնք կտրատված ու հանված են. Փաշինյան
- Հրապարակվել է գաղտնալսված խոսակցության երկրորդ մասը
- Նշանակում է՝ որևէ քաղաքացի երաշխավորված չէ գաղտնալսումից. Գևորգ Կոստանյան
- Սամվել Մարտիրոսյան. Շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Փաշինյանի հեռախոսն են գաղտնալսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան