«Հրապարակ». Դ. Զավյան՝ ինչ տեսք ունի հեղափոխական նարուշիլովկան
Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես հրավիրվել է հարցաքննության, կարեւոր չէ, թե ինչ գործով, սակայն ցուցադրաբար պաստել է քննիչից ստացած ծանուցագիրն ու չի ներկայացել: Քննչական կոմիտեն ԲՀԿ ղեկավարի այդ քայլը գնահատել է որպես անհարգալից վերաբերմունք իրավապահ համակարգի նկատմամբ... ու վերջ: Իհարկե, տեղին կլիներ հարցադրումը, թե ինչպես կվարվեր նման պարագայում իրավապահ կառույցը, Եթե ծանուցագիրը պատռեր ոչ թե Ծառուկյանը, այլ սովորական մի մահկանացու: Հարցադրումը, սակայն, ամենեւին տեղին չէ, որովհետեւ դրա պատասխանը գիտի յուրաքանչյուր քաղաքացի:
Միտումնավոր չենք կենտրոնանում այն գործի վրա, որի շրջանակներում Ծառուկյանը հրավիրվել է, որպեսզի խուսափենք ավելորդ շահարկումներից: Այնպես չէ, որ մի դեպքում ծանուցագիրը պատռել կարելի է, մեկ այլ դեպքում' ոչ: Տեղի է ունեցել, առնվազն, հետհեղափոխական չափանիշներով, բավականին արտառոց մի բան. քաղաքացին կամ պատգամավորը, կամ կուսակցության ղեկավարը, էական չէ, արհամարհելով իրավապահ կառույցն ու այդպիսով նաեւ օրենքը, ցուցադրաբար պատռել է ծանուցագիրն ու չի ենթարկվել դրա պահանջին: «Օրենքի առաջ բոլորը հավասար են». ԲՀԿ ղեկավարը, ի դեպ, շատ է սիրում այս արտահայտությունն ու հաճախ է արտաբերում:
Երեկ ինչպես նրա կուսակիցները, այնպես էլ մի շարք ուրիշներ արդեն հասցրել են հանդես գալ կատարվածի կցկտուր մեկնաբանություններով, սակայն գրեթե բոլոր դեպքերում նրբորեն շրջանցվել է մի շատ ակնհայտ' օրենքի վրա թքած ունենալու հանգամանքը: Մինչդեռ ոչ մի մեկնաբանությամբ այն սքողել կամ լղոզել հնարավոր չէ:
Հայաստանի քրեական դատավարության օրենքով, իրավապահ կառույցի պահանջով չներկայանալու դեպքում քննիչը բերման ենթարկելու որոշում է կայացնում: Սակայն Ծառուկյանը պատգամավորական անձեռնմխելիություն ունի, և նրան բերման ենթարկելու համար անհրաժեշտ է խորհրդարանի թույլտվությունը, իսկ «Աժ կանոնակարգ» օրենքի համաձայն, նման հարցով խորհրդարանին կարող է դիմել գլխավոր դատախազը:
Այս համատեքստում հարկ է նկատել, որ Գագիկ Ծառուկյանը, այսպես ասած' հեղափոխական նորչափանիշների փորձարկման հրաշալի հնարավորություն է տվել ինչպես նոր իշխանություններին ու նրան սատարող քաղաքական ուժին, այնպես ել ողջ հանրությանը: Ինչպե՞ս կգործի քննիչը, օրենքի պահանջի հանգույն Ծառուկյանին բերման ենթարկելու որոշում կկայացնի, թե՞ հարցը «կկարգավորվի» այնպես, ինչպես ավանդաբար կարգավորվել է մինչեւ հեղափոխությունը: Իսկ եթե, այնուամենայնիվ, նման որոշում կայացվի, հետհեղափոխական խորհրդարանն արդյո՞ք համաձայնություն կտա' զրկել նրան անձեռնմխելիությունից: Ավելի հստակեցնենք հարցի ձեւակերպումը' իրավապահ կառույցը կամ խորհրդարանը համարժեքորեն կարձագանքեն օրենքի պահանջի ակնհայտ չկատարմանը, թե ոչ: Սպասենք փորձարարության արդյունքներին...
Այս առումով թերեւս արժե վկայաբերել օրենքի, տվյալ դեպքում' դատարանի վճռի պահանջի ցուցադրական չկատարման մեկ այլ օրինակ եւս: Առողջապահության նախարար' իշխող ուժի ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ դա-տարանի վճիռը (այս դեպքում եւս հարկ չենք համարում անդրադառնալ կոնկրետ գործի հանգամանքներին) կողմնակալ է, ու ինքը դրան ոչ մի պարագայում չի ենթարկվելու: Այս «խիզախ» դեմարշին համարժեք արձագանքներ հաջորդել են, գոնե մենք դրան տեղյակ չենք: Մինչդեռ հարցեր են առաջանում՝ նախարարն օրենքից վեր է, սա է նոր իրավիճակը: Իսկ գուցե Թորոսյանը հայտարարի, որ կսկսի ենթարկվել դատարանի վճռին միայն իրականացվելիք վեթթինգից հետո: Նույնպես բացատրություն է, բայց կարծես դա էլ չի հնչել:
Վերադառնանք, սակայն, Գագիկ Ծառուկյանի ու նրա ղեկավարած ԲՀԿ-ի «ֆենոմենին»: Այս գործիչը ժամանակին ինչ-որ չափով օգտակար է եղել Ռոբերտ Քոչարյանին, հետո ինչ-որ չափով' Սերժ Սարգսյանին, հայտնի է, որ նա ինչ-որ չափով օգտակար եղավ նաեւ Նիկոլ Փաշինյանին' թավշյա հեղափոխությունն իրականացնելիս: Բայց եթե առաջին երկու դեպքում Ծառուկյանի օգտակարությունը փոխհատուցվում էր վերջինիս որոշակի «նարուշիլովկաների» տրամադրմամբ, ապա երրորդ դեպքում նման «նարուշիլովկան» որեւէ կերպ չի համատեղվում հեղափոխության հռչակած նոր արժեհամակարգի հետ: Հիշեցնենք' այդ բառով էր կոչվում որոշ արտոնյալների' կոնկրետ անձի արտոնյալությանը համապատասխան չափով օրենքը խախտելու թույտվության տրամադրումը: Հետաքրքիր է' ի՞նչ տեսք ունի հետհեղափոխական «նարուշիլովկան»:
«Հրապարակ», Դավիթ Զավյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա