Օսմանյան արխիվները բացեն, փակեն, Թուրքիան Հայոց ցեղասպանության փաստը չի կարող հերքել
«Թուրքիայի՝ արխիվներ բացելու հայտարարությունները նոր չեն։ Տարիներ շարունակ՝ 1987-88 թվականներից, թուրքերը հայտարարում են, որ մենք մեր արխիվները բացում ենք, կարող եք գտնել փաստեր, որոնք ամրապնդում են մեր տեսակետը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերերս արած հայտարարությանը։
Նշենք, որ նա մասնավորապես ասել էր. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրավվեն Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ուզի, թող ներգրավի: Բացենք արխիվները»:
Թուրքագետը նախ հարցադրում արեց «ի՞նչ է նշանակում մենք արխիվները բացում ենք»։
«Թուրքական արխիվները բացվելուց առաջ զտվել են։ Դրա մասին բազմաթիվ վկայություններ կան, բազմաթիվ գիտնականներ գնացել, աշխատել, ստուգել են ու տեսել, որ որոշակի փաստաթղթեր զտված են։ Երկրորդ՝ ո՞ր արխիվների մասին են խոսում։ Ես ինքս անձամբ եղել եմ «վարչապետական օսմանյան արխիվներում»։ Իսկապես հարուստ նյութ կա բնակչության թվաքանակի, տնտեսական վիճակի մասին։ Բայց այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, այդ արխիվներում չկան։ Երբևէ նրանք չեն բացի ռազմական արխիվները, Թուրքիայի գաղտնի ծառայությունների գործակալության արխիվները»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հայտնի փաստ է, որ Հայոց ցեղասպանության վերաբերող Երիտթուրքական կուսակցության արխիվի փաստաթղթերը Թալեաթ փաշան և մյուս պարագլուխները Օսմանյան կայսրությունը լքելուց առաջ վառել են, մի մասն էլ տարել են անհայտ ուղղությամբ։
«Այսինքն հայտարարությունները, որոնք անընդհատ արվում են, հաշվարկված են այն շրջանակների վրա, որոնք գուցե լավատեղյակ չեն։ Պոպուլիստական բնույթի հայտարարություններ են»,- ասաց թուրքագետը։
Նա նշեց, որ Հայաստանի արխիվը բաց է, իր թուրք գործընկերներից եկել, աշխատել են, և խոսել այն մասին, որ հայերն ինչ-որ բանից վախենում են, PR հայտարարություններ են։
Թուրքագետը ևս մեկ փաստ նշեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող թուրքական արխիվների փակ լինելու մասին. «Ես զբաղվում եմ հայերի ունեզրկման գործընթացով, ինձ հետաքրքրում են Թուրքիայի կադաստրային արխիվները, այսինքն հայերին պատկանող սեփականության փաստաթղթերը պահով արխիվը։ Երբ 2005 թվականին սկսվեց այդ արխիվի փաստաթղթերի թվայնացումը, կադաստրային արխիվի տնօրենը նամակ է գրել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարին, հենց նրան է գրել, որովհետև Հայոց ցեղասպանության խնդիրները և դրա դեմ պայքարը համակարգվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի կողմից, հայտնել է, որ նման փաստաթղթեր են առկա իրենց արխիվում, ինչ անեն։ Դրան պատասխան հեռագիր է ուղարկվել, որ ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարելու և ավելորդ կրքերը չբորբոքելու համար արխիվը փակեք և որևէ մեկին չթողնեք։ Արտահոսք էր եղել և այդ նամակները 2007-2008 թվականներին տպագրվել էր մամուլում։ Այսինքն, այն ամենը, ինչ իսկապես վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, իրենց մոտ փակ է»։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ թուրքական արխիվները հետաքրքիր են, պարզապես այն խնդիրները, որ իրենք դնում են՝ Հայոց ցեղասպանությանը հերքող փաստաթղթեր, օսմանյան արխիվում չկա ու չի կարող լինել։
«Ամբողջ աշխարհի արխիվային նյութը, որն առկա է սեղանին, գերմանական, հայկական արխիվների,որոշ չափով նաև թուրքական, բազմաթիվ պատմագիատական նյութեր, դրանց ամբողջությունն աներկբայորեն հաստատում է, որ եղել է մտադրություն, գործողություն, ցեղասպանության։ Այնպես որ օսմանյան արխիվները բացեն, փակեն, այդ փաստը չեն կարող հերքել։ Կարող է այդ փաստաթղթերով ավելացվի նյութերը, բայց Հայոց ցեղասպանությունը ժխտելու որևէ հնարավորություն որևէ ձևով Թուրքիան չունի»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը։
Նաև նշեց, որ հանձնաժողով ստեղծելու գաղափարը կրկին վաղուց է գալիս. «Տեսակետն այն է, որ եթե ուզում ես մի բան թաղես, հանձնաժողով ստեղծիր, երկարացնում է խնդիր քննարկումները։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թափը, քննարկումները կասցնելու համար իրենք ասում են՝ ստեղծենք հանձնաժողով, որպեսզի հետո, եթե որևէ խոհրդարանում այդ խնդիրը սկսի քննարկվել, բերանները բացեն, ինչպես անում էին հայ-թուրքական հաշտեցման ժամանակ, ասեն՝ մի խառնվենք, մենք հայերի հետ բանակցում ենք, մեր խնդիրները մեր մեջ կլուծենք։
Սա է՝ կասեցնել Թուրքիայի դեմ բարձրացվող բանաձևերը»։
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլու. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, թող ընդունի աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը»
- Թուրքագետ. Էրդողանը մամո՞ւլ է թողել
- Արամ Սարգսյան. Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո Հայաստանը պետք է վավերացներ
- Էրդողան. «Հե՜յ Հայաստան, բացի ՛ր արխիվներդ»
- Ցեղասպանության մասին վկայող Գերգերյան արխիվն արդեն հասանելի է հետազոտողներին
- Մտավախություն ունեմ, որ թվայնացումից առաջ Թուրքիայի ԱԳՆ-ի արխիվային նյութերը ենթարկվել են զտման. թուրքագետ
- Թուրք պաշտոնյա. «Հայ-թուրքական արձանագրությունները մեր օրակարգում չեն և չեն էլ լինելու»
- Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Հայ-թուրքական կարգավորման համար նախ պիտի լուծվեն հայ-ադրբեջանական հարցերը»
- Փաշինյան. Հայաստանի կողմից հայ-թուրքական սահմանը կարելի է համարել ոչ փակ
- Հայաստանը ցույց տվեց, որ սկզբունքային խաղացող է. թուրքագետ
- Դինքի սպանությունից հետո Թուրքիան ազատ խոսքի նկատմամբ առավել անհանդուրժող է դարձել. թուրքագետ
- Հայոց ցեղասպանությունը ընդունած առաջին երկիրը հենց Օսմանյան կայսրությունն է. թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին