Ֆրանսիացի քաղաքապետը բողոքարկում է Արցախի հետ բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումը
Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի որոշման բողոքարկման մասին, որով դատարանը չեղարկել էր Արցախի Շուշիի ու Բուրգ լե Վալանսի միջև 2014թ․-ին կնքված բարեկամության հռչակագիրը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակ կայքից։
Քաղաքապետը նշում է, որ համաձայն չէ վարչական դատարանի մեկնաբանության հետ, որն այս հռչակագիրն անօրինական է համարել։
«Ես նախկինի պես համոզված եմ օրենքի համապատասխանությանն ու ես հայտարարում եմ դատարանի որոշման բողոքարկման մասին»,-ասել է Մարլեն Մուրիեն՝ հղում կատարելով փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշին նախագահ Էմանուել Մակրոնի հավաստիացումներին, որ հումանիտար կամ կրթական նպատակներով հռչակագրերը չեն հետապնդվի:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ֆրանսիայի դատարանները չեղարկեցին Ֆրանսիայի ու Արցախի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերը։ Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել այս հռչակագրերի դեմ, որին միչ այդ Ֆրանսիան պատասխանում էր, որ համայնքները գործում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի քաղաքապետեր․ Արցախի հետ բարեկամության հռչակագրերը չենք ստորագրել Ֆրանսիայի անունից
- Վալանսի քաղաքապետ․ Վերահաստատում եմ իմ աջակցությունն Արցախին ու նրա ինքնորոշմանը
- Ֆրանսիայի դատարանը չեղարկել է Առնուվիլի ու Արցախի գյուղի միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը