Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում
Այս տարի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից էր «Կինոյի տաճարը», որը նվիրված էր հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։
Փառատոնին ներկայացվել էր Փարաջանովի «Նռան գույնի» ֆիլմից դուրս մնացած թվայնացված կադրերը ինստալյացիայի միջոցով։ Նույն ցուցադրությունը Հայաստանի Ազգային կինոկենտրոնը կազմակերպելու է Հայաստանում։
Մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանը Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց, որ ցուցադրությունը լինելու է Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ փառատոնի օրերին, մասնավորապես հուլիսի 8-12-ը «Այրարատ» կինոթատրոնում։ Ցուցադրությունը լինելու է ամեն օր, անվճար։
Բացի «Նռան գույնի» ֆիլմի թվայնացված կադրերի ինստալյացիայից, ցուցադրվելու է երեք վերականգնված ֆիլմ՝ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան», ինչպես և Ռոտերդամի փառատոնի շրջանակում։
Նշենք, որ վերը նշված երեք ֆիլմերը թվայանցվել են 2018 թվականին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, լեհական FIXAFILM ընկերության և ծրագրի պրոդյուսեր Դենիել Բըրդի համատեղ ծրագրի շրջանակում։ Շ. Միրզախանյանի ներկայացմամբ, այդ ծրագրի առաջին փուլը նվիրված է Սերգեյ Փարաջանովին։ Առաջինը վերականգնվել է 1969 թվականի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը։ Այն վերականգնումից հետո մեկ տարվա ընթացքում ցուցադրվել է միջազգային կինոփառատոներում, տարբեր արվեստի կենտրոններում, մեծ ճանաչում է ձեռք բերել։ Այս տարվա համար նույնպես կան հրավերներ։
Ծրագրի երկրորդ փուլը եղել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոնտաժից դուրս մնացած կադրերը։ 103 տուփ ժապավեն է, այսօր արդեն թվայնացել է 27 տուփը, 37 տուփ ուղարկվել է Լեհաստան թվայնացման։
Ազգային կինոկենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ «Նռան գույնը» ֆիլմի թվայնացված կադրերի ինստալյացիան, երեք ֆիլմերն առաջիկայում ներկայացվելու են նաև Իտալիայի երկու փառատոներում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Նիդեռլանդներում։
Ֆիլմերի թվայնացման համար Ազգային կինոկենտրոնին դիմել է հենց Դենիել Բըրդը, քանի որ, Շ. Միրզախանյանի խոսքով, շատ են սիրում Փարաջանովի արվեստը, հավանում է Բեկնազարյանի ֆիլմերը։ Նա հայտնեց, որ «Նռան գույնը» ֆիլմի վերականգնվող կադրերով վավերագրական ֆիլմ են անելու «Անհայտ Փարաջանով» վերնագրով, որն արդեն ընթացքի մեջ է։
«Այս ամբողջ վերականգնողական աշխատանքների համար Ազգային կինոկենտրոնը պետական բյուջեից որևէ գումար չի ծախսել, բոլորն արվել են դրսի հիմնադրամների հաշին։ Բավական թանկ հաճույք է, իսկ մեր պետությունը չունի նման գումար, բայց պետք է վերականգնենք, կարևոր ժառանագություն է, պետք է պահպանենք ու տարածենք»,- ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրենը։
Նա հավաստիացրեց, որ վերականգնումը բարձր որակով է արվում։
«Զուգահեռ բանակցում ենք, որ Հայաստանում կարողանանք ներդնել սկանավորման լաբորատորիա, որ աշխատանքների մի մասն այստեղ արվի։ Ժապավենը նախ սկանավորվում է, թվայնացվում ու նոր սկսվում է վերականգնումը։ Մենք ժապավենն ենք ուղարկում, բայց մտավախություն է լինում, որ հանկարծ ճանապարհին չփչանա։ Եթե մենք ունենանք լաբորատորիա, կարող ենք այստեղ թվայնացնել ու այդ տարբերակն ուղարկել»,- նշեց նա։
Շ. Միրզախանյանի խոսքով, լեհական ընկերությունը պատրաստ է երկու ամսով անվճար սովորեցնել մեր մասնագետներին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվել է Փարաջանովի ժառանգությունը
- Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը երեք ամիս կցուցադրվեն Ստամբուլի «Պերա» թանգարանում
- Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում
- Վերականգնվելու են Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան