Քոչարյանի փաստաբանը որոշել է անձամբ հատուցել Փաշինյանի փաստաբանի ծախսերը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, հունիսի 24-ին հրապարակելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական ակտը։ Հունիսի 13-ին կայացած դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը գրավոր դիմում էր ներկայացրել դատարանին՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ: Նիստի ժամանակ վարչապետի փաստաբան Գևորգ Գյոզալյանը 650 հազար դրամի չափով փոխհատուցման պահանջ է ներկայացրել հայցվորին։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախ ներկայացրեց, թե ինչու որոշեց հրաժարվել հայցից. «2018 թվականի օգոստոսի 13-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել վերաքննիչ դատարանից, դատարանը գտել էր, որ Քոչարյանն անձեռնմխելի էր։ Պարոն Փաշինյանը երկու օր անց՝ օգոստոսի 15-ին, Փարիզում հետևյալ հայտարարությունն է արել՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:
Երևի յուրանաքանչյուրի համար պարզ է, որ այս արտահայտությունը վերաբերում է պարոն Քոչարյանին։ Պարոն Քոչարյանը պարոն Փաշինյանին դատի տվեց։
Տվյալ դեպքում մենք ակնկալում էինք, որ դատական որոշմամբ կհերքվի այդ արտահայտությունը, որովհետև այստեղ գրված է, իբրև պարոն Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել։ Առաջին բանը, որ մեզ անհրաժեշտ էր, որ սա հերքվի։ Հետո մեզ անհրաժեշտ էր, որպեսզի ներողություն խնդրեր այս արտահայտություն անողը։ Մենք քննարկում էինք, ես ասացի, որ մենք իրավունք ունենք գումարային պահանջ ներկայացնել պարոն Փաշինյանի դեմ, պարոն Քոչարյանն ասաց, որ պետք չի։
Տեղի ունեցավ հետևյալը. պարոն Փաշինյանն ասաց՝ ես այստեղ պարոն Քոչարյանին նկատի չեմ ունեցել։ Այսինքն ասաց այն, ինչին մենք ձգտում էինք վերջնական դատական ակտով։ Պարոն Փաշինյանը չսպասեց դատական ակտին, ասաց, որ նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին։ Ըստ էության, ինքը հերքեց, որ պարոն Քոչարյանը կապ ունի որևէ սպանության հետ։ Մենք հրաժարվեցինք հայցից, որովհետև այն ինչին մենք ձգտում էինք՝ հերքում, տեղի ունեցավ»։
Նա նշեց, որ նիստի ժամանակ միջնորդել է, որ եթե հակառակորդ կողմն աներկբա կհայտարարի, որ այս արտահայտությունը պարոն Քաչարյանին չի վերավերում, իրենք պատրատ ենք հրաժարավել հայցից. «Մյուս կողմը, ըստ էության պարոն Փաշինյանն ի դեմս իր ներկայացուցչի, հայտարարեց, որ այս արտահայտությունն անելով պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել։ Հենց միայն այդ պատճառով, որ հրաժարավեց ըստ էության այդ արտահայտությունից, մենք հրաժարվեցիքն հայցից»։
Հ. Ալումյանն ասաց, որ եթե կողմը հայցից հրաժարվում է, դատական ծախսերը կրում է ինքը։
«Ստացվեց այնպես, որ մեզ դրեցին մի որոշակի փաստի առջև. պարոն Փաշինյանը 650 հազար դրամ է իր փաստաբանին վճարել, ուրեմն դուք պարտավոր եք այդ ծախսը հոգալ։ Իհարկե, իմ կարծիքով, դատարանը չպետք է 650 հազար դրամ բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցած նիստերի քանակից։ Սա այն բարդության գործը չէ, որ այդքան գումար բռնագանձվի։ Երբ որ x գումար բռնագանձելու որոշում կայացավի, իհարկե, եթե տեսնենք օրինական է, անձամբ ես կհատուցեմ, որովհետև հայցից հրաժարումը իմ նախաձեռնությունն էր, մինչև հիմա էլ գտնում եմ, որ ես ճիշտ եմ արել։ Իսկ եթե բռնագանձվելիք գումարը գտնենք ոչ արդարացի, կբողոքարկենք»։
Ռ. Քոչարյանի փաստաբանը նշեց, որ որոշել է գումարից 10 տոկոս էլ ավելի փոխանցել՝ «խրախուսական ինչ -որ մի բան»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան