Եթե այսօր ՀՀ-ն ունի մրցունակ բրենդ, ապա մշակույթն է. Զոհրաբյան
«Ինձ մոտ պարբերաբար դեժավյուի տպավորություն է լինում, երբ քննարկվում են կինոյի ու մշակույթի հետ կապված հարցերը։ Այս խնդիրները տասը տարի, որպես լրագրողի, իմ ուշադրության կենտրոնում են եղել»,- այս մասին ԱԺ-ում «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստամ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ համաձայն է մինչ այս հնչած այն կարծիքների հետ, որ չի եղել քաղաքական կամք, որովհետև օրակարգում եղել են բացարձակապես այլ առաջնահերթություններ։
«Չի եղել այն պարզ գիտակցումը, որ եթե այսօր ՀՀ-ն ունի մրցունակ բրենդ, միակ բրենդը, և դա մշակույթն է, որն իսկապես կարող է տնտեսական լուրջ գործոն դառնալ, ինչը մենք չենք հասկանում կամ անգրագետ հաշվարկներ ենք անում։ Եթե չլիներ իմ և նախորդ խորհրդարանում Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամների համառությունը, ապա նախորդ խորհրդարանը վերջին շնչում չէր վավերացնի «Ստեղծագործ Եվրոպա»-ն»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ պետք է լինել անկեղծ և նկատել, որ ՀՀ պետական բյուջեն դեռևս երկար տարիներ չի կարողանալու իր վրա կրել կինեմատոգրաֆիայի զարգացման բեռը, բայց կարողանալու է համաֆինանսավորել։
«Հույս ունեմ, որ այս իրավական լուծումներն ավարտելուց հետո շատ արագ կմիանանք նաև «Ստեղծագործ Եվրոպա»-ի մեդիա բաղադրիչին։
Զոհրաբյանը նշեց, որ ոլորտի օրենսդրական կարգավորումը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ապահովել ՀՀ-ում կինոոլորտի զարգացումը։
«Արդյոք ընդունելով Կինոյի մասին օրենքը լուծելու՞ ենք Հայաստանում կինոարտադրության ամբողջ խնդիրները, արդյոք օրացույցում Կինոյի օր ունենալով մենք լուծելու՞ ենք կինոյի խնդիրները, ոչ։ Մենք պետք է հասկանանք՝ սա համալիր խնդիր է։ Այս խնդիրը կլուծվի, եթե լինի քաղաքական մտածելակերպի փոփոխություն, որ մշակույթը բրենդ է», - նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ համալիր ճանապարհային քարտեզ պիտի մշակեն։
Հարակից հրապարակումներ`
- Կինոոլորտը կարգավորող օրենսդրության մշակումն անհրաժեշտություն է. Արա Խզմալյան
- Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի. Սվիտալսկի
- ԱԺ լսումներ՝ կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների թեմայով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան