«Պեպոյի» փնտրտուքով
Արդեն երկու ամիս է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը լեհական FIXAFILM ընկերության և ծրագրի պրոդյուսեր Դենիել Բըրդի հետ զբաղվում է Համո Բեկնազարյանի «Պեպո» ֆիլմի վերականգնողական աշխատանքներով։ Մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանը Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հայտնեց, որ հարցումներ են ուղարկել տարբեր միջազգային ֆոնդեր, արխիվներ պարզելու, թե արդյոք իրենց մոտ պահվում է «Պեպո» ֆիլմի ժապավեններից։
«Մեզ համար հայտնություն էր՝ Ռուսաստանի «Գոսֆիլմ» հիմնադրամում պահվում է 1935 թվականին նկարահանված «Պեպոյի» 12 մաս։ Ամենասկզբանական տարբերակն է։ Այն այնուհետև վերամոնտաժվել ու դարձել է 9 մաս։ Մենք դիմել ենք «Գոսֆիլմ»-ին, որ այդ 12 մասը ստանանք։ Կան խնդիրներ, մեծ գումար են ուզում։ Դիմել ենք տարբեր ատյաններին, պատրաստվում եմ դիմել նոր նախարարությանը, որ կառավարության մակարդակով լուծեն»,- ասաց նա։
Շ. Միրզախանյանի խոսքով, «Պեպոյի» ժապավեն կա նաև Ֆրանսիայում՝ Թուլուզում, նույնպես բանակցություններ են ընթանում։ Նա նշեց, որ զուգահեռ Հայաստանի արխիվում են ուսումնասիրություններ իրականացնում։
««Պեպոյի» փնտրտուքի արդյունքում պարզել ենք, որ դրսում տարբեր հայկական ֆիլմեր են պահվում։ Լավ է, որ հայտնվել են այնտեղ ու պահպանվել, որովհետև մեր արխիվի վիճակը շատ լուրջ է։ Մենք ունենք այդ ֆիլմերից մեր արխիվում, սակայն այդ դրսի արխիվների տնօրենները գրում են մեզ, որ իրենց մոտ այլևս տեղ չկա, ուզում են մեզ փոխանցել»,- ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրենը։ Նա նշեց, որ դրանք խորհրդային տարիներին տարվել են ցուցադրության, մնացել են այնտեղ, մարդիկ բարեխիղճ պահպանել են։
«Մեր ծրագրի հիմնական նպատակն է վերականգնել ու տարածել մեր ֆիլմերը, բարձրացնել հարցը մեր կառավարության մակարդակով, շահագրգռել մարդկանց, որ ուշադրության դարձնեն նաև մեր արխիվին։ Մենք ունենք ֆիլմեր, որոնք գանձեր են մեզ համար, պետական մոտեցում պետք է լինի»,- նշեց Շուշանիկ Միրզախանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան