Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հրաժեշտ է տվել վիրահայությանը
Նախօրեին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր հրաժեշտի խոսքն է ուղղել վիրահայությանը։
Jnews-ից տեղեկանում ենք, որ կիրակնօրյա պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդն ընթերցել է իր հրաժեշտի խոսքը՝ ուղղված թեմի հոգևոր դասին և հավատացյալներին։
«Աստծու ողորմածությամբ անցնող 17 տարիների ընթացքում, հոգևոր սպասավորների, թեմի պաշտոնեության ու հավատացյալների մասնակցությամբ և մեր ազնիվ բարերարների աջակցությամբ, Վիրահայոց թեմում վերանորոգվեցին և կառուցվեցին տասնյակ եկեղեցիներ, որոնց շարքում՝ Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Թեմի համայնքներում տեղադրվեցին մի քանի տասնյակ հուշարձաններ և խաչքարեր, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում ու Բաթումիում՝ նվիրված Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների, Հայրենական Մեծ պատերազմում և Արցախի ազատագրման համար զոհված հայորդիների հիշատակին և Սարդարապատի հաղթանակի 100-րդ տարեդարձին»,- ասել է նա:
Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսել է իր ծառայության տարիների ընթացքում վիրահայության շրջանում տեղի ունեցած փոփոխությունների մասին, հայկական կենտրոնների, տարբեր խմբակների ստեղծման մասին։ Մեծ նշանակություն տվեց Հովհաննես Թումանյանի Թբիլիսյան տան ձեռքբերմանն ու տեղում գիտական, մշակութային կենտրոնի հիմնմանը. «Իրականացվեց հրատարակչական գործունեություն, կյանքի կոչվեցին հազարավոր բազմաբնույթ միջոցառումներ, որոնք լայն տարածում գտան հավատացյալների շրջանում, իսկ որոշները ընդգրկվեցին Հայաստանի և Վրաստանի պետական ծրագրերում: Թեմը գործուն մասնակցություն է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում պետության կողմից կազմակերպված բազմաթիվ ծրագրերի: Վրաստանի ողջ տարածքում ազգային, մշակութային կյանքը հիմնականում կենտրոնացավ եկեղեցու շուրջ»:
Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսել է նաև Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մասին, նշելով, որ փոխանորդությունում գործում են 48 եկեղեցիներ ու մատուռներ, ծառայություն են մատուցում տասներեք հոգևորականներ:
Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հրաժեշտի խոսքն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում