«168 Ժամ». Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան
«Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից և ելույթներից։ Սակայն երկիրը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների առջև, և, անկախ ամեն ինչից, կարևոր եմ համարում իմ դիրքորոշումը հայտնել որոշ հարցերի շուրջ։
Թեման, որի մասին ես ցանկանում եմ իմ տեսակետը ներկայացնել, շատ գործնական նշանակություն ունի և բառացիորեն վերաբերում է մեր երկրում ապրող յուրաքանչյուր ընտանիքի, միաժամանակ այն կարող է նոր, իրական մարտահրավեր դառնալ ողջ պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Խոսքը գույքահարկի հնարավոր փոփոխության մասին է։
Ինձ իրավունք եմ վերապահում այս թեմայով տեսակետ հայտնել միայն այն պատճառով, որ ավելի քան 6 տարի զբաղեցնելով տարածքային կառավարման նախարարի պաշտոնը՝ բառացիորեն ամենօրյա ռեժիմով զբաղվել եմ այս հարցով, ինչպես նաև 2016-2018թթ. բազմիցս մասնակցել եմ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք գույքահարկի բարձրացման շուրջ անցկացված քննարկումներին։ Միանգամից ասեմ, որ այսօր գույքահարկի բարձրացման գաղափարի շուրջ իմ ունեցած բացասական վերաբերմունքն այն շարքից չէ, երբ քննադատում են կառավարության ներկայացրած ցանկացած առաջարկություն, եթե չեն հանդիսանում այդ կառավարության անդամ։ Այսօրվա կառավարության որոշ ներկայացուցիչներ, հատկապես՝ ֆինանսական և ՊԵԿ բլոկից, գիտեն, որ սա իմ սկզբունքային դիրքորոշումն է եղել՝ սկսած այն պահից, երբ 2008թ.-ին ստանձնել եմ նախարարի պաշտոնը, և այդ դիրքորոշումը պահպանվել է մինչ օրս։
Այսպիսով, արժե՞ արդյոք այսօր քննարկել գույքահարկի բարձրացման թեման։
Կարող եմ միանգամից պատասխանել. քննարկել գուցեև կարելի է, բայց գույքահարկը բարձրացնել՝ ոչ։ Ինչո՞ւ։
Թեման հասկանալու համար հարկավոր է նախ մի փոքր ծանոթանալ դրա նախապատմության հետ։ Գույքահարկի բարձրացման թեման միշտ քննարկվել է մի քանի համատեքստում.
1. Որպես եկամտի լրացուցիչ աղբյուր տեղական բյուջեների համար՝ լոկալ խնդիրները լուծելու նպատակով, քանի որ գույքահարկը համալրում է համայնքային, ոչ թե պետական բյուջեն։
2. Որպես սոցիալական արդարության հասցեական քաղաքականություն իրականացնելու գործիք, մասնավորապես՝ սահմանելու ավելի բարձր հարկեր հարուստների և ապահովված ընտանիքների համար, որոնք հանդիսանում են մեծ և թանկարժեք գույքի սեփականատերեր։
3. Որպես տեղական բյուջեների եկամուտների մակարդակը բարձրացնելու միջոցով՝ պետական բյուջեից դոտացիայի տեսքով համայնքներին տրամադրվող միջոցները խնայելու հնարավորություն, որի արդյունքում այդ միջոցները հնարավոր կլիներ ուղղել այլ պետական ծրագրերի կամ կարիքների ապահովմանը»։
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա