Հայաստան-ԵԽ 2019-2022թ. Գործողությունների ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի մասնակցությամբ։ Ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում նշեց, որ բավականության մեծ առիթ է մեկնարկել Գործողությունների նոր քառամյա ծրագիրը, որը համագործակցության մեջ կարևոր գործիք է՝ Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար՝ քրեական արդարադատությունից մինչև քրեակատարողական ոլորտ, տեղական ժողովրդավարություն ու կոռուպցիայի դեմ պայքար։
Նախարարը նշեց, որ բյուջեն բավական հավակնոտ է՝ 18,9 մլն եվրո, և կենտրոնացած է բարեփոխումների այն ուղղությունների վրա, որոնք կառավարության համար գերակա են։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ շատ լավ արձագանք են ստանում դոնորական հանրույթից և Գործողությունների ծրագրի գումարի 57 տոկոսն արդեն խոստացված է, ինչը գերազանց է ու շնորհակալություն հայտնեց դոնորներին։
«Սա բարեփոխումների գործիք է, սա մեր բարեփոխումներին են և Հայաստանին սա է պետք։ Մենք ուզում ենք կառուցել երկիր, որը մոդելավորված է եվրոպական չափանիշներով, որը ամուր կանգնած է ժողովրդավարության, մարդու իրավունքների գերակայության արժեքների վրա, երկիր, որն այնպիսին է, ինչ մեր հանրությունն է ուզում։ Մենք դրա վկայությունը տեսել ենք 2018թ․-ի ապրիլ-մայիս ամիսներին։ Դա արտացոլում է այս կառավարության կամքն ու հանձնառությունը։ Ես վստահ եմ, որ մենք լավագույն նախապայմաններն ունենք, որ Գործողությունների ծրագիրը՝ որպես բարեփոխումների գործիք, լավագույնս ծառայեցնենք երկրի կարիքներին, որպեսզի երբ 2021թ․-ին գույքագրենք, կարողանանք ասել, որ ունենք շոշափելի արդյունքներ»,-ասաց նախարարը։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կարևորագույն բարեփոխման ոլորտը դատական բարեփոխումներն են։ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ԵԽ գլխավոր քարտուղարին, որ վերցրեց հեռախոսն ու զանգեց վարչապետին ու ասաց, որ մեր կողքին են ու ուզում են օգնել։
«Հենց այդպիսին է ԵԽ-ին մեր անդամակցության իմաստը։ 1 շաբաթում եկան ԵԽ բարձրագույն մասնագետներ, ովքեր սկսեցին աշխատել բարեփոխումների բովանդակության, բարեփոխումների ֆինանսավորման ուղղությամբ։ Հունիսի 12-ին Գլխավոր քարտուղարը նամակ գրեց վարչապետին, ու հիմա արդեն լծվելու ենք աշխատանքին՝ առաջ տանելու բարեփոխումները։ Մեզ համար դատական բարեփոխումն ավարտելը լիարժեք կդարձնի հեղափոխության ողջ փիլիսոփայությունը»,-ասաց ԱԳ նախարարը։
Խոսելով Եվրոպայի խորհրդի 70-ամյակի մասին, ԱԳ նախարարը նշեց, որ այն ազգերի ընտանիք է, որոնք միասին են կանգնած՝ միասնական արժեքների շուրջ։ Սա կառույց է, որին մենք անդամակցում ենք 2001թ․-ից ու տեսել ենք անդամակցության օգուտները և լավ, և վատ օրերին։
Ելույթներից հետո տեղի ունեցավ նաև Եվրոպայի խորհրդի 70-ամյակի կապակցությամբ թողարկված հոբելյանական բացիկի պաշտոնական մարման արարողությունը։