ԱԳ փոխնախարար․ Արցախի ու Ֆրանսիայի քաղաքների միջև հռչակագրերի չեղարկումը մասնավոր դեմարշ է եղել
«Ֆրանսիան շարունակում է մնալ մարդու իրավունքների, համերաշխության, ճնշված ժողովուրդների պաշտպանը»,-այսօր Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ պատասխանելով վերջին շրջանում Արցախի ու Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի՝ Ֆրանսիայի դատարանների կողմից չեղարկմանը։
ԱԳ փոխնախարարը նշեց, որ չեն մեկնաբանում Ֆրանսիայի դատարանների որոշումները, սակայն ակնհայտ է, որ այն մասնավոր դեմարշ է եղել, քանի որ չկա հասարակական պահանջ, քաղաքական դասի շրջանում Արցախի հետ հարաբերությունները վերանայելու, իջեցնելու կամ վերացնելու։
«Ենթադրում ենք, որ դա ինչ-որ մասնավոր դեմարշ է եղել դատական և չեմ կարծում, որ այն հետևանք կունենա Արցախի ընդհանուր ընկալման, Արցախի ժողովրդի պայքարի վրա Ֆրանսիայում։ Իմ անձնական համոզմունքն է, որ սա չի կասեցնի, չի կանգնեցնի ժողովրդավարական հորիզոնական դիվանագիտությունը, և քույր քաղաքների, համալսարանների միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։ Դրա վկայությունն է այն ընդվզումը, որն այսօր տեսնում ենք թե՛ ֆրանսահայ համայնքի, թե՛ ֆրանսիական քաղաքական դասի շրջանում։ Այս պարագայում, կարծում եմ, որ գործընթացն արձագանք է ստանում ֆրանսիական հասարակության մեջ և մենք՝ որպես ԱԳՆ, կարծում եմ, անելիք առանձնապես չունենք»,-ասաց Գրիգոր Հովհաննիսյանը։
Պատգամավոր Արման Աբովյանի հարցադրմանը, թե ցանկանում է ևս մեկ անգամ լսել, որ ՀՀ դիվանագիտական կորպուսն աշխատո՞ւմ է այն ուղղությամբ, որ չեղակի ադրբեջանական լոբբինգը, ԱԳ փոխնախարարը պատասխանեց, որ ՀՀ դիվանագիտությունն աշխատում է Հայաստան-Ֆրանսիա և երկկողմանի այլ հարթակներում հարաբերությունների ամրապնդման ու հակառակորդ երկրների միջամտությունները չեզոքացնելու ու կանխելու ուղղությամբ։
«Մեր օրակարգն է էլ ավելի նպաստել Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, նպաստել, որ Արցախի արդար դատը շարունակի ադեկվատ ընկալվել Ֆրանսիայի հասարակարգում և նպաստել, որ ֆրանսիացիներն էլ ավելի շատ ցանկանան այցելել Արցախ և այս գործընթացը շարունակվի այնպես, ինչպես մենք ակնկալում ենք»,-ասաց ԱԳ փոխնախարարը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ֆրանսիայի դատարանները չեղարկեցին Ֆրանսիայի ու Արցախի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերը։ Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել այս հռչակագրերի դեմ, որին միչ այդ Ֆրանսիան պատասխանում էր, որ համայնքները գործում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիացի քաղաքապետը բողոքարկում է Արցախի հետ բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումը
- Ֆրանսիայի քաղաքապետեր․ Արցախի հետ բարեկամության հռչակագրերը չենք ստորագրել Ֆրանսիայի անունից
- Ֆրանսիայի դատարանը չեղարկել է Առնուվիլի ու Արցախի գյուղի միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը