Կինոոլորտը կարգավորող օրենսդրության մշակումն անհրաժեշտություն է. Արա Խզմալյան
Խորհրդարանում «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը նշեց, որ կինոոլորտը կարգավորող օրենսդրության մշակումն անհրաժեշտություն է անկախության առաջին իսկ տարիներից։
«Սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորելու նախաձեռնությունները, կարծես, չեն հասել որոշակի հանգրվանի: Մի դեպքում սա պայմանավորված է եղել ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը չգիտակցելով, մեկ այլ դեպքում սա եղել է պարզապես քաղաքական կամքի բացակայության հետևանք»,- նշեց Խզմալյանը:
Նրա խոսքով՝ բոլորն էլ գիտեն, որ ոլորտում եղել են անփառունակ էջեր և մեծ անկումներ. «Օրինակ՝ գրեթե հիմնովին ոչնչացվել է «Հայֆիլմ» կինոստուդիան, կողոպտվել են հայկական կինոարտադրական ռեսուրսները, անմխիթար պայմաններում է հայկական կինոժառանգությունը, գրեթե ոչնչացվել է կինոթատրոնների ցանցը, չեզոքացվել է կինովարձույթը՝ որպես հասկացություն, տարիներ շարունակ կոռուպցիոն բազմաթիվ սխեմաներ են գործել կինոարտադրությունում և այս ամենը անարդյունավետ է դարձրել նախագծերը և առհասարակ վարկաբեկել է պետական աջակցության գաղափարը»։
Խզմալյանը շեշտեց, թե այս ամենը չի նշանակում, որ ոլորտի մասնագետները հուսահատ վիճակով նստել և հետևել են այս պրոցեսներին. «Բոլոր դժվարություններով հանդերձ` նկարահանվել են ֆիլմեր, մարդիկ շատ հաճախ ինքնակազմակերպման ճանապարհով կարողացել են դուրս գալ միջազգային հարթակներ, ապահովել են հայ կինոյի և միջազգային կինոյի կապը»։
Փոխնախարարը հավելեց, որ Հայաստանը կունենար շատ ավելի զարգացած կինոարտադրություն, եթե տասնամյակներ առաջ մշակվեր հայ կինոյի զարգացման ռազմավարությունը, ստեղծվեին կինոոլորտը կարգավորող օրենսդրական հիմքեր։
«Կինոն ոչ միայն արվեստ է, այլև հսկայական քաղաքական նշանակություն ունեցող ոլորտ է և անխափան գործիք է երկրի միջազգային ճանաչելիության, դիրքավորման տեսանկյունից»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի. Սվիտալսկի
- ԱԺ լսումներ՝ կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների թեմայով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան