Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է
Այսօր շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար։ Վեց տարի շարունակ պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Տ. Պետրոսյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 17-ին Թիֆլիսում։ Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Արչիլ Էբրալիձեի գլխավորությամբ։
Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947թվականին ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թվականին առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվատեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950 թվականին ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թվականների մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951 թվականի առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թվականի միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թվականին միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958 թվականին՝ 3-4-րդը, 1962 թվականին՝ 2-3-րդը։ 1959թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։
1962 թվականին հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թվականին և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
1966 թվականին Տիգրան Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկիին։ 1969 թվականին շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բորիս Սպասկիին։ 1971-1980 թվականներին շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։
«Բացառիկ ուժի. համարյա սխալներ չանող շխմատիստ՝ ահա թե ով է Պետրոսյանը: Նրա շախմատային հոտառությունն ապշեցուցիչ է»,- ասել է շախմատիստ Սամուիլ Ռեշևսկին։
Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելմանգաղափարը։ Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում։ Սովորաբար նա հաղթում էր՝ խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար։ Այսպիսով, նա հաղթում էր՝ օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը։ Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ։
Տ. Պետրոսյանը մահացել է 1 984 թվականին։
«Պետրոսյանը կատարյալ ֆենոմենալ շախմատային տաղանդ է: Երբեմն նա հակառակորդների փոխարեն գտնում էր մտահաղացումներ, որոնք նրանց մտքովն իսկ չէին անցնում:
Ինձ համար նա կատարելություն էր»,- ասել է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան