Գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքը կնվազի
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Հարկային օրենսգրքի նախագծով գրավատների և փոխանակման կետերի համար սահմանված պետական տուրքի բարձրացման հարցը։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ նախնական տարբերակով առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել տարեկան 6 մլն դրամ՝ ներկայիս 100 հազար դրամի փոխարեն, հետո՝ 3 մլն դրամ, հիմա, ըստ նրա, առաջարկում են վերանայել և առաջին տարվա համար սահմանել 1,5 մլն, հետո՝ 2 մլն դրամ:
Ինչ վերաբերում է փոխանակման կետերին, ապա տուրքի գործող չափը 50 հազար դրամից առաջարկվում էր սահմանել 3 մլն դրամ, այժմ, ըստ Բաբկեն Թունյանի, Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետտուրքը կլինի ավելի ավելի քիչ։
«Նախանական առաջարկվում էր պետտուրքը դարձնել 3 մլն դրամ, ինչն ամենասարսափելի տարբերակն էր, սակայն բանակցությունների ընթացքում եկանք հետևյալ պայմանավորվածության. առաջին տարում պետտուրքը կլինի 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն դրամ»,- ասաց նա:
Առաջարկները դրվեցին քվեարկության և ստացան դրական եզրակացություն:
Հարակից հրապարակումներ`
- Թունյան. Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն հայտարարվածից մի քանի անգամ քիչ
- Այսօրվա տուրքը, որը տարածվում է գրավատների և փոխանակման կետերի վրա, ուղղակի ծիծաղելի է. Փոխվարչապետ
- Պետական տուրքի բարձրանալու դեպքում փոխանակման կետերն ու գրավատները կփակվեն. Քննարկում՝ ԱԺ-ում