Փաստաբան. Ժամանակն է տոտալ փոփոխություններ կատարել դատական և դատախազական համակարգում
«Դատարանի որոշումն անակնկալ չէր: Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որն ամբողջովին ընկած է կեղտի ու կոռուպցիայի մեջ, որի մասին բարձրաձայնում են ոչ միայն իրավապաշտպանները, նաև բարձրագույն իշխանությունը»,- ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանի պաշտպանները պահանջել էին Մ. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնել կամ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը։
Նա նշեց, որ դատական իշխանությունն ընտրովի արդարադատություն է իրականացնում. «Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որ ընտրովի արդարադատություն է իրականացնում, ինչ սպասել դատարանից, որն ընկած է գործադիրի կոշիկի տակ»։
Լ. Բաղդասարյանն ասաց, որ այս գործը գտնվում է ՄԻԵԴ տիրույթում, որոշումը ստանալուց հետո կուղարկենք ՄԻԵԴ, որտեղ առաջնահերթության կարգով քննվում է Մանվել Գրիգորյանի գործն անօրինական կալանքի և խոշտանգման հետ կապված։ Նրա կարծիքով, ժամանակն է տոտալ փոփոխություններ կատարել ինչպես դատական իշխանությունում, այնպես էլ դատախազության համակարգում։
Հարցին, արդյո՞ք Մանվել Գրիգորյանը կմասնակցի դատական նիստերին, փաստաբանն ասաց, որ նա ունի 30-ից ավելի լուրջ հիվանդություններ. «Ցավոք այդ հիվանդությունները, կարծում եմ, թույլ չեն տա, որպեսզի գա դատարան։ Այդ հարցի պատասխանը կտա բուժող բժիշկը»։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված
- Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ
- «Նաիրի» ԲԿ տեղափոխված Մանվել Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցնում. Անատոլի Գնունի
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է կատարվում
- Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 միլիոն դոլար է պահանջում
- Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի դեղադուլ հայտարարելու մասին
- Դատախազ. Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով հարկադրել է, որպեսզի իր ենթական վերցնի այն ամենն իր վրա, ինչը չի կատարել
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանը օրական 16-17 ժամ ստանում է ինսուլին