Ո՞վ է քննություն իրականացնելու՝ ինչու է ամեն օր նույն տարածքը հրդեհվում
Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի փողոցին հարակից տարածքում գրեթե ամեն օր հրդեհի մասին բնակիչներից ահազանգ կա։ Համապատասխան գերատեսչություններից հիմնականում նշում են, որ հրդեհների առաջացման պատճառը չորացած խոտն է։
Բնակիչների մտահոգությունների հետ կապված, թե ինչպես կարող է ամեն օր նույն տեղը հրդեհ լինի, Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ, թե Արտակարգ իրավիճակների նախարարությունից, թե ոստիկանությունից ու Կենտրոն համայնքի համապատասխան ստորաբաժանումից։
ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնից մեզ հետ զրույցում ասացին, որ պաշտոնական կայքի միջոցով տեղեկացվել է, որ կանխարգելիչ միջոցառումներ է կատարվում մայրաքաղաքի առավել հրդեհավտանգ տարածքներում՝ իրականացնելով չոր խոտածածկույթի հսկվող այրում:
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ով պետք է ուսումնասիրի, որ նույն տարծքում գրեթե ամեն օր բռնկվող հրդեհները՝ մեզ ուղղորդեցին նախարարության հրդեհների հետաքննության վարչություն, որտեղ էլ մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին։
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ մեզ հետ զրույցում ասացին. «Ցանկացած հրդեհի դեպքում ԱԻՆ հակահրդեհային տեսչությունը փորձաքննություն է իրականացնում, և հիմնավորվում է, որ դիտավորյալ հրկիզում է տեղի ունեցել, նյութերը փոխանցվում է ոստիկանություն և ոստիկանությունը հետաքննություն է սկսում»։
Նույն ոչ հստակ պատասխանը եղավ համայնքի «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ից։ Տնօրենի տեղեկալ Կարեն Պողոսյանն ասաց. «Մեր աշխատակիցները հնձում են խոտերը, տարածքը ջրում են, իսկ հնձած խոտը անպայման հավաքում են, սակայն հնարավոր է, շատ փոքր մնացած խոտից, ջարդած շշերի մնացած մասերից էլ հրդեհ բռնկվի»։
Զրույցից ստացվում է, որ պատճառն ուսումնասիրող կառույցն այդպես էլ հայտնի չէ և ամեն ինչ սահմանափակվում է միայն կամ կանխարգելիչ այրումով, կամ էլ ահազանգից հետո մարման աշխատանքներով։