Տոմոգրաֆի ստեղծող Ռեյմոնդ Դամադյանը ներկայացրել է կատարելագործված սարքի հնարավորությունները
«Ձեր այցը լավ առիթ է քննարկելու ապագա Հայաստանի մասին մեր պատկերացումները: Մեր կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես տեխնոլոգիապես զարգացած պետություն և Ձեզ նման հայրենակից ունենալը վստահություն է ներշնչում, որ դա իրագործելի խնդիր է»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հյուրընկալելով հայազգի անվանի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գիտնականը վարչապետին է ներկայացրել իր գործունեությունն ու ծրագրերը, անդրադարձել նոր սերնդի՝ կատարելագործված MRI սարքի հնարավորություններին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի բժշկական և գիտական շրջանակների հետ համագործակցության, նոր MRI սարքով ՀՀ առողջապահության ոլորտը համալրելու հնարավորությունների, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտների զարգացման մասին: