Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում երեք առաջնախաղ է լինելու
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Երևանում հանդես է գալու հյուրախաղերով։ Լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ տարին հարուստ էր, հյուրախաղային տարի էր։ Թատրոնը 20 օրից կգնա արձակուրդ, բայց հունիսի 27-ին և 28-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում խաղալու են «Հարսանիք թիկունքում» ներկայացումը։
Նա հայտնեց, որ թատրոնը տարվա ընթացքում հյուրախաղեր է ունեցել Լիբանանում, ԱՄՆ-ում, նաև Հայաստանի մարզերում են խաղացել։ Լ.Հարությունյանը տեղեկացրեց, որ 154-րդ թատերաշրջանում՝ սեպտեմբերին, ունենալու են երկու նոր առաջնախաղ, մեկ վերափոխված ներկայացում, որոնց մեջ ներգրաված են լինելու նաև հրավիրված դերասաններ։
Թատրոնի ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն ասաց, որ սեպտեմբերին բեմադրելու են «Երկնագույն շան աչքերը» պիեսը։
«Ներկա պահին խաղում ենք Գյումրու Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում։ Նոր դերասաններ ենք հրավիրել և նոր մեկնաբանությամբ բեմադրելու և խաղալու ենք սեպտեմբերին»,- ասաց նա։
Սեպտեմբերին ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը «Թռիչք» ներկայացման պրեմիերան է լինելու։
«Այսօր մեզ բոլորիս պակասում է թռիչք, շատ ենք կպած հողին, շատ ենք նայում ասֆալտին, այնինչ վերևում աստղեր, երկինք կա, պրագմատիկ ձևով ապրում ենք՝ մոռանալով թռիչքի մասին»,- ասաց նա։
Ն. Ծատուրյանը նշեց, որ ներկայացման ասելիքն է՝ մի մոռացեք թռչելը, մի մոռացեք երազանքի մասին։
Լ. Հարությունյանի խոսքով, պիեսը շատ արդիական է, թեև տեխնիկապես բարդ է, թռիչքների հետ կապված խնդիր կա, բայց, կարծում է, շատերը կտեսնեն, թատրոնի խաղացանկում երկար լինի։
Թատրոնի բեմում սեպտեմբերին լինելու է նաև ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի «Բուրատինոյի արկածները» մանկական ներկայացման առաջնախաղը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան