Ողջաբերդի սողանքի գոտում ապրող մարդկանց փոխհատուցում կտրամադրվի
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչներն այսօր հավաքվել էին գյուղապետարանի դիմաց՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպելու ակնկալիքով: Նրանք պահանջում էին լուծել սողանքային գոտում գտնվող իրենց տների հարցը: Այս մասին տեղեկանում ենք Tert.am-ի տեսանյութից:
Ողջաբերդցիների խոսքով՝ իրենց տները սողանքի հետևանքով դարձել են վթարային ու բնակության համար ոչ պիտանի: Այժմ նրանք փոխհատուցում են պահանջում:
Նշենք, որ մարզպետը եկավ Ողջաբերդ, հանդիպեց բնակիչների հետ, սակայն հանդիպումը փակ էր:
Հանդիպման ավարտից հետո մարզպետը ներկայացրեց քննարկման արդյունքները: Նա նախ նշեց, որ խնդրի լուծման ճանապարհային քարտեզը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, բացի այդ, առանձնազրույց է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:
«Այս պահի դրությամբ կառավարությունը խնդրի լուծումը տեսնում է երեք փուլերով: Առաջին փուլով նախատեսվում է բյուջեի պահուստային ֆոնդից այս տարի փոխհատուցում տրամադրել առավել ռիսկային վիճակում գտնվող 10 տների բնակիչներին։ Երկրորդ փուլով փոխհատուցում կհատկացվի 49 ընտանիքի, երրորդ փուլով՝ 47 ընտանիքի»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետի խոսքով՝ իրենք հետազոտություն են անցկացրել, որպեսզի պատկերացում կազմեն, թե ինչպես պետք է խնդիրը լուծվի:
«Դրա հիման վրա է կառավարությունն առաջադրում այդ լուծումը, ինչը, կարծես թե, բնակիչների համար ընդունելի է»,-նշեց Ռոմանոս Պետրոսյանը:
Նա նաև ասաց, որ առաջիկա 2-3 շաբաթներին կստեղծվի աշխատանքային խումբ՝ կազմված ԱԻՆ-ի, Կոտայքի մարզպետարանի, Քաղաքաշինության կոմիետի ներկայացուցիչներից:
Ռոմանոս Պետրոսյանը նաև նշեց, որ Ողջաբերդի բնակիչներին խնդրել է զերծ մնալ ակցիաներից, քանի որ խնդիրը կառավարության օրակարգում է, կա դրա լուծման փաթեթը և ակցիաների կարիք չկա:
Բնակիչներից մեկն էլ հայտնեց, որ մարզպետի հետ հանդիպումից գոհ են, այս պահի դրությամբ, կարծես թե, աշխատանքներ են տարվում:
«Մեր բողոքը հասավ տեղ, հետագայում արդեն կերևա»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան