Ախալքալաքցի շրջանավարտներն ընտրում են Երևա՞նը, թե՞ Թբիլիսին
Այն ժամանակները, երբ Երևանը թվում էր Ախալքալաքի բնակիչներին սովորելու միակ տարբերակը, արդեն վաղուց անցել են: Ավելի մեծ թվով դիմորդներ ընտրում են մեկ այլ ուղղություն` Թբիլիսին, բացատրելով դա տարբեր պատճառներով: Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի 5-րդ հայկական դպրոցում 9 շրջանավարտներից 5-ը մտադիր են բուհ ընդունվել Թբիլիսիում: Եվս երկուսն ընտրել են արհեստագիտական մասնագիտություններ, իսկ մնացած 2-ը` չեն կողմնորոշվել:
Դ. Դեմիրճյանի անվան թիվ 4 հայկական դպրոցն այս տարի ունի 46 շրջանավարտ: Նրանցից 22-ը մտադիր են Թբիլիսի ընդունվել, 11 հոգի՝ Երևան, մնացած 13-ը մնում են Ախալքալաքում: Վրացական թիվ 3 դպրոցում 13 շրջանավարտ կա, որոնցից 12-ը գրանցվել են միասնական ազգային քննություններին՝ վրացական բուհեր ընդունվելու համար: Թիվ 2 (Մայակովսկու անվան) ռուսական դպրոցում 31 շրջանավարտներից 15-ը փաստաթղթերը հանձնել են Թբիլիսի, 8-ը՝ Ռուսաստան, իսկ մնացած 8-ը` Երևան: Հովհ. Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցի 51 շրջանավարտներից 17-ը Թբիլիսի են ընդունվում, 6-ը՝ Երևան: Մնացածները պատրաստվում են սովորել կոնկրետ մասնագիտություններ:
Ընդհանուր առմամբ, Jnews-ի կողմից ստացված մոտավոր տվյալներով, 150 շրջանավարտներից 71-ը մտադիր են Թբիլիսի ընդունվել, իսկ 25-ը` Երևան:
Լիդա Մնացյանը նույնպես թիվ 4 միջնակարգ դպրոցի շրջանավարտ է: Նա համոզված է, որ Թբիլիսիում ուսումնառությունը նրան շատ առավելություններ կտա իր ապագա կարիերայում, ներառյալ վրացերենի իմացությունը, ինչպես նաև ավելի որակյալ կրթությունը:
«Իհարկե, Երևանում ավելի հեշտ կլիներ, բոլոր հարազատներս այնտեղ են, իմ մայրենի լեզվով է ամեն ինչ, ավելի հեշտ է ապրուստի հարցը: Թբիլիսիում հիմա ես ոչ ոք չունեմ, բայց ոչ մի դժվարություն ինձ չի կանգնեցնում և չի վախեցնում»,-ասել է նա:
Թիվ 2 ռուսական դպրոցի շրջանավարտ Անահիտ Մանուկյանն ընտրել է Երևանի Սլավոնական համալսարանը: Նա ընդունվել է Russian Studies ծրագրով, որի համաձայն, հարցազրույցով անցել է բյուջետային բաժին: Ըստ նրա, նա Թբիլիսիի և Երևանի միջև ընտրություն չի ունեցել, բոլոր հարազատները Երևանում են ապրում, այնտեղ իր մայրենի լեզուն է, ինչպես նաև անվճար կրթություն ստանալու հնարավորությունը: Հետագա աշխատանքի ընդունվելու խնդիրը չի անհանգստացնում նրան, քանի որ նա այժմ չի ծրագրում շարունակել իր կարիերան Վրաստանում:
«Թբիլիսին, կարելի է ասել, երբեք չի գրավել ինձ», – նշում է նա:
4 միջնակարգ դպրոցի ուսմասվար Գայանե Երեմյանը նշել է, այս բաժանման պատճառն արմատավորված է այն հեռանկարներում, որոնք այս երկու ուղղությունները կարող են խոստանալ: Թբիլիսիում ուսումն աշակերտներին երաշխավորում է առնվազն վրացերենի իմացությունը և Ախալքալաքում անխոչընդոտ կերպով աշխատանքի անցնելը: Միևնույն ժամանակ, Երևանում սովորելուց հետո հաճախ անհրաժեշտ է Թբիլիսիում վերապատրաստվել: