Աշխարհում 2.2 միլիարդ մարդու հասանելի չէ խմելու ջուրը
Աշխարհում 2,2 միլիարդ մարդ ապրում է առանց մաքուր խմելու ջրի հասանելիության։ Այս մասին ասվում է Ժնևում հունիսի 18-ին հրատարակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցում: Այս մասին գրում է Regnum-ը։
Փորձագետները նշել են ջրամատակարարման, սանիտարական ու հիգիենայի ծառայությունների մատչելիության, դրանց որակի լայնամասշտաբ անհավասարության մասին: Այսպիսով, 785 միլիոն մարդ զրկված է ջրամատակարարման ոլորտում ծառայություններից, որոնցից 144 միլիոնը ստիպված է խմել չստերիլիզացված ջուր՝ բնական ռեսուրսներից:
Ընդհանուր առմամբ, 4.2 միլիարդ մարդ զրկված է սանիտարական ծառայությունների պատշաճ մակարդակից, մինչդեռ 3 միլիարդը հնարավորություն չունի տնային պայմաններում ձեռքերը օճառով լվանալ:
ԱՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ են արել համաշխարհային հանրությանը ջրամատակարարման, սանիտարական և հիգիենայի ծառայությունների զարգացմանն ուղղված ներդրումներն ավելացնել: Ըստ կազմակերպությունների, ամեն տարի 5 տարեկանից փոքր մոտ 300 հազար երեխա մահանում է աղիքային խնդիրների պատճառով, որն այդ ծառայությունների բացակայության արդյունք է: