Պետք է հստակ գնահատական լինի. Թունյանը՝ նախարարին
«Պետական բյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3 տոկոսով կամ շուրջ 80 մլրդ դրամով։ Պետք է հստակ գնահատական լինի, թե դա ինչքան զսպող ազդեցություն է ունեցել մեր տնտեսական աճի վրա»,- Ազգային ժողովում պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկմանը նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Պատգամավորը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին խնդրեց պարզաբանել, թե ծախսերի թերակատարումը պայմանավորվա՞ծ էր վարկային միջոցների կոռուպցիոն ռիսկերով, և արդյոք կոռուպցիոն ռիսկերի վնասը և տնտեսական աճի ռիսկերը իրար համադրե՞լ են. «Ես ծարավ եմ, ուզում եմ ջուր խմեմ, կասկած ունեմ, որ ջուրը թունավորված է, դրա հավանականությունը կա, հիմա ի՞նչ անեմ՝ ջուրը չխմեմ ծարավից վատանա՞մ, թե՞ ամեն դեպքում հաշվի առնեմ ռիսկը, բայց խմեմ»։
Նախարարը պատասխանեց, որ թերակատարումը հակաբյուջետային զսպող ազդակի 2,3 տոկոս է եղել. «Հավասարապես եկամուտների գործոնով բացատրվում է դրա կեսից ավելին, մնացածը՝ ծախսերի գործոնով է բացատրվում»։
Ինչ վերաբերում է շեղումներին, թե դրանք ինչով են պայմանավորված եղել, Ջանջուղազյանն ասաց, որ կարելի է մեկ գործոն առանձնացնել ու դատողություն անել, բայց հարց է, թե դա ինչքանով է ճիշտ։
«Ամեն տարի ունեցել ենք խրոնիկ ցածր կատարողական, բացառությամբ մեկ-երկու տարվա, երբ ընդհակառակը գերակատարում է եղել։ Այդ պատճառով չեմ կարծում՝ բոլոր տարիների համար պետք է բացատրվի հնարավոր կոռուպցիոն ռիսկերի գործոնով, դրա համար էլ 2018թ-ի համար էլ առանձնացնել պետք չի, բայց իհարկե դեր ունեցել է։ Մեկ այլ կարևոր գործոնն էլ այն է, որ կանխատեսումների ժամանակ է գերագնահատված եղել, որովհետև միշտ ուզում ենք ավելին»,-ասաց նա։
Թունյանն արձագանքեց, 2,3 տոկոս թերակատարումը նշանակում է, որ 250 մլն դոլարի չափ արդյունք չի ստեղծվել տնտեսության մեջ. «Պարզ է, որ ամբողջը չի կարող կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված լինել: Գոնե դրա ո՞ր մասը, կե՞սը՝ 120 մլն դոլարը, թե կարող ենք ասել, որ կոռուպցիոն ռիսկերը այս 120-ից ավելին են, կասկած ունեինք, որ կարող էին գողանալ, դրա համար էլ այս ծախսերը չենք կատարել»։
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ չի կարող նման բան ասել։
«Ասել ենք, որ գործոն որպես դեր խաղացել է, մարդ կա, որ համաձայն չէ, և դրա արդյունքն է եղել, որ որոշ ծրագրեր դադարեցվել են կամ հետաձգվել են, բայց ասել դրանով է պայմանավորված, չենք կարող, քանի որ մի փոքր մասն է, որ 2018-ին է նախաձեռնվել, տարիներ շարունակ են նախաձեռնվել, ուստի չեմ կարող նման գնահատական տալ»,- նշեց նա։