Հովհաննես Խուդոյան. Միջնորդությունը նպատակ ունի վեր հանել դատարանի կանխակալ վերաբերմունքը
«Առանձնահատուկ նիստ է, նախագահող դատավորն էլ համաձայն է մեզ հետ այն հարցում, որ առկա է օրենսդրական որոշակի բաց, հստակ կանոններ սահմանված չեն այս պրոցեսի համար, նախկինում նման պրոցեսներ չեն եղել»,- Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննության ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ով դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել։
Նա նշեց, որ այս պրոցեսի համար իրենց անհասկանալի է իրենց իրավունքները, խնդրում են պարզաբանում։ Հ. Խուդոյանի խոսքով, իր միջնորդությունը վերաբերում է հենց նրան, որ իրենց մինչև հիմա չի պարզաբանվել, թե ինչ ընթացակարգով պետք է այս վարույթը քննվի, դատարանը խուսափողական պատասխաններ է տալիս, հռետորական հարցերով է պատասխանում, իրենց համար հստակ չէ։
«Մենք ունենք օրենսգիրք, օրենսդրական կանոններ, խնդրում ենք դատարանին ասել՝ շարժվում ենք այս կանոնով»,- նշեց նա։
Փաստաբանն ընդգծեց, որ իր միջնորդությունն ինքնանպատակ չէ, նպատակ ունի վեր հանել դատարանի կանխակալ վերաբերմունքը։
Նա նաև անթույլատրելի է համարում, որ Ա. Դանիելյանը շարունակի այս գործի քննությունը, որովհետև նախկինում քննել է «Մարտի 1»-ի վերաբերյալ գործեր, հասարակության որոշակի շրջանակի մոտ կա անվստահություն այդ գործերը քննած դատավորների նկատմամբ։
Հ. Խուդոյանն անդրադարձավ նաև «Մարտի 1»-ի իրադարձություններից տուժող Բաբկեն Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանի բաց նամակին՝ ուղղված այս բողոքը քննող նախագահող դատավոր Ա. Դանիելյանին։ Նա նշեց, որ մամուլում ուշագրավ տեղեկատվություն է հրապարակվել, պետք է գնալ դրա հետքերով։
«Առաջին հայացքից թվում է, թե մեկ անձի դատավարական կարգավիճակ ճիշտ չեն տվել։ Փորձենք հասկանալ, թե ինչ հարց է, որտեղից է այդ խնդիրն առաջացել»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ փաստաբանը դիմել է նախագահող դատավորին գործին մասնակցելու համար, սակայն առ այսօր պատասխան չի ստացել, իրենց համար տարակուսելի է, թե ինչ հանգամանքներում է նման իրավիճակ առաջացել։
Հարցին, թե ՀՀ Գլխավոր դատախազը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն իր ելույթով փորձել է ճնշում գործադրել նախագահող դատավորի վրա, Հ. Խուդոյանն ասաց. «Կարծում եմ՝ գլխավոր դատախազը պետք է կոնկրետացնի, թե ինչ արտահայտություններ և ինչ կերպ է ճնշումը գործադրվում։ Մենք առաջին դատական նիստերից սկսած ներկայացնում ենք իրավական դիրքորոշում, որ այս գործն ապօրինի քրեական հետապնդում է, բոլոր պաշտոնատար անձիք ենթարկվելու են պատասխանատվության ապագայում այդպիսի ապօրինի գործողությունների համար։ Եթե իրավական պատասխանատվության հնարավորությունը գլխավոր դատախազը և այլ պաշտոնատար անձիք դիտարկում ենք որպես սպառնալիք, այո, կարող ենք արձանագրել, որ սպառնալիք է, բայց նույն պահին պետք է արձանագրել, որ հիմա Գլխավոր դատախազությունը Հայաստանում անցնող բոլոր քրեական գործերով մեղադրայալներին սպառնում է։ Դա լուրջ մոտեցում չէ»։
Հարակից հրապարակումներ`
- «Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանը բաց նամակով դիմել է դատավոր Դանիելյանին
- Արթուր Դավթյան. Մենք հույս ունենք, որ մեր դատավորն էլ այդ ճնշումներին չի ենթարկվի
- Կրկին ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
- Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո
- Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը հայցեց բոլորի ներողամտությունը
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրանց ընդդիմադիրները կրկին դատարանի բակում են
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունները մերժեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան