Մեծ աղբակույտեր, փոքր քաղաքում
Աղբահանության խնդիրը Երևանում արդեն երկար ժամանակ շարունակում է մնալ ակտուալ. խնդիրը չի լուծվել քաղաքային նախորդ իշխանությունների ժամանակ, չի լուծվում նաև ներկայիս իշխանությունների օրոք:
Երևանի փողոցներում մշտապես տեսնում ենք լեփ-լեցուն աղբամաններ, եթե մայրաքաղաքի կենտրոնական փողոցների բանուկ հատվածներում աղբահանություն է կատարվում և աղբամանները գոնե օրվա ինչ-որ ժամի դատարկվում են, ապա երկրորդական փողոցներում աղբի պակաս չկա: Ավելին, որոշ թաղամասերում նույնիսկ աղբամաններ չկան: Անցած տարվանից դրանք անհետացել են ու փոխարենը նորերը չեն տեղադրել:
Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի բնակիչները նախորդ տարի դիմել էին Panorama.am-ի խմբագրություն՝ հայտնելով, որ թաղամասի փողոցների աղբամանները անհետացել են: Նրանք զանգահարել էին «Սանիթեք» ընկերության թեժ գիծ, պատասխանել էին, որ դրանց տեղադրման հարցով զբաղվում է թաղապետարանը, խոստացել էին բողոքը փոխանցել վարչական շրջանի աշխատակազմ, սակայն անցել է մեկ տարի և խնդիրն այդպես էլ չի լուծվել:
Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ վերջին ամիսներին «Սանիթեք»-ի աղբատար մեքենան գալիս է թաղամաս, շրջում է կենտրոնական մեկ կամ երկու փողոցով, ու հավաքում բնակիչների օրերով կուտակած աղբը: Բնակիչների խոսքով՝ սակայն դա լինում է ամիսը մեկ կամ երկու անգամ:
«Քաղաքապետարանին, Շենգավիթի թաղապետարանին բացարաձակ չի հետաքրքրում այս վիճակը, իշխանություն է փոխվել, ղեկավարություն է փոխվել, բայց մեկ տարվա մեջ մի պաշտոնյա չի եկել տեսնի, թե այս թաղամասում ինչ խնդիր կա: Բազմիցս ահազանգել ենք քաղաքապետարան, թաղապետարան, «Սանիթեք», բայց սայլը տեղից չի շարժվում»,- ասաց բնակիչները:
Հատկապես ամառվա շոգ օրերին մայրաքաղաքում խնդիրն ավելի է սրվում, քանի որ աղբը ուշ-ուշ հավաքելու ժամանակ հակասանիտարական իրավիճակ է ստեղծվում, իսկ գարշահոտը տարածվում է ամենուր:
Այն, որ մայրաքաղաքում աղբահանության մակարդակը հեռու է բավարար լինելուց, այդ մասին խոստովանում են նաև քաղաքային իշխանությունները:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Panorama.am-ին ասաց, որ քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում «Սանիթեք» -ի ձախողումը ինչ-որ ձևով կոմպենսացնելու համար:
«Աղբահանության օպերատոր «Սանիթեք» ընկերությունն իրեն չի արդարացնում, այդ իսկ պատճառով քաղաքապետարանը ստեղծել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, Երևանի ավագանու վերջին նիստում հաստատվել է համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը: Բացի դրանից, աղբահանության հարցը կարգավորելու համար՝ քաղաքապետարանը ձեռք է բերել 29 աղբատար մեքենա, որոնցից 5-ն արդեն աշխատում են, մնացած մեքենաները տեղ կհասնեն հունիսի վերջին»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ անկախ նրանից, որ աղբանությամբ զբաղվող օպերատորն, ըստ պայմանագրի, «Սանիթեք» ընկերությունն է, քաղաքապետարանը գնահատելով իրավիճակը, և ենթադրելով, որ «Սանիթեքը» չունի այնքան կարողություն, որպեսզի կարողանա պաշտաճ կազմակերպել այդ գործընթացը, տեխնիկայից բացի ձեռք է բերում նաև աղբամաններ՝ շուրջ 6000 հատ:
«Քաղաքային իշխանությունը անում է ամեն ինչ, որ հնարավորինս սեղմ ժամկետներում տեխնիկան տեղ հասնի, որպեսզի աղբահանությունը պատշաճ իրականացվի, թեև, համաձայն գոյություն ունեցող պայմանագրի, այդ պարտականությունները դրված են «Սանիթեքի» վրա»,- ասաց մամուլի խոսնակը:
Հուսանք, որ ամառվա շոգին աղբակույտերի ականատես չենք լինի, քաղաքային իշխանություններն իսկապես կմեղմեն իրավիճակը և կապահովեն, եթե ոչ լիարժեք, գոնե բավարար մաքրություն մեր քաղաքում:
Հարակից հրապարակումներ`
- Նախատեսվում է գնել 34 աղբատար մեքենա. Մարության
- Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը
- Երևանի քաղաքապետարանը կստեղծի աղբահանության և սանիտարական մաքրման նոր հիմնարկ
- Հայկ Մարությանը վստահեցնում է՝ Երևանում աղբահանության վիճակը դեռևս կրիտիկական չէ
- «Սանիթեք». Քաղաքապետարանին զգուշացրել էինք, որ Երևանը կկանգնի աղբահանության ճգնաժամի խնդիր առաջ
- Աղբահանության «մտրակն ու կարկանդակը»
- Աղբահանության միջանկյալ «Զիլ» լուծում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան