Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը չի լինի «փառերով»՝ Նորագավիթի նման. վարչապետ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ 2.5 ամիս առաջ հայտարարել էր ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու մասին:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք կա հաստատված գործողությունների պլան, ինչ ընթացքի մեջ է այդ հանձնարարականի կատարումը և երբ է նախատեսվում տեղափոխությունը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին՝ նախ նշեց, որ ցանկացած հանձնարարական և գաղափար կյանքի կոչելու համար որոշակի ժամանակ և ընթացակարգ է պահանջում:
Վարչապետի խոսքով՝ երեկ կառավարությունում քննարկել են Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների ռազմավարությունը, որում նախանշված է նաև տնտեսական գործունեության կենտրոններ բացելու գաղափարը:
«Կոնկրետ Գյումրիում ավտոմաքսատան տարածքն արդեն ընտրվել է: Այնտեղ ավելի ընդարձակ գործառույթներ ունեցող մաքսատուն կկառուցվի, որը կկոչվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախատեսվում է նման կենտրոն կառուցել նաև Սյունիքի մարզում՝ Սիսիանում:
Ըստ վարչապետի՝ գաղափարան այն է, որ դրանք տեղակայված լինեն Հյուսիս-Հարավ ճանապարհին զուգահեռ:
«Գործընթացը սկսվել է, այն կարվի հնարավորինս արագ։ Հսկայական շինարարություն է արվելու, քանի որ մեծ տարածք է: Հույս ունեմ՝ մենք չենք մտածում, թե այն նույն վիճակը, որ այսօր ունենք Նորագավիթում, տենց փառերով պետք է տեղափոխենք Գյումրի։ Ներդրումները պետք է արվեն լուրջ և նախագծային գործընթացն արդեն սկսված է»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը: