«NaNi handmade» տիկնիկները՝ նաև ձեր նմանությամբ
«NaNi handmade» տիկնիկներ՝ հետաքրքիր կերպարներ, մուլտֆիլմերի հերոսներ, ծանոթ դեմքեր։ Այս ամենը միայն ձեռքի աշխատանք և միայն Նատայի և Նինայի ձեռքով պատրաստված։ Panorama.am-ի հետ զրույցում Նատալյա Ադիլխանյանը պատմեց, որ իրենք տարիներ առաջ պատրաստել են զարդեր, նաև ամանորյա խաղալիքներ, այնուհետև սկսել են պատրաստել նաև տիկնիկներ։ Նատան ավարտել է Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, Նինան՝ Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան։
«Մենք երկուսս էլ երեքական երեխա ունենք, մեծերն արդեն ավարտել են բուհը, իսկ փոքրերը 3-րդ դասարան են։ Մենք գիտենք տարբեր տարիքային խմբերի հետաքրքրությունները, այդ պատճառով տիկնիկների կերպարները տարբեր են»,- ասաց Ն. Ադիլխանյանը։
Նա նշեց, որ տիկնիկների պատվերներ լինում են, մարդիկ հիմնականում պատվիրում են իրենց հարազատների նմանությամբ տիկնիկներ, կամ ըստ մտերիմների մասնագիտությունների։ Պատվիատուները հիմնականում կանայք և աղջիկներ են։ Մեկ տիկնիկի պատրաստման համար միջինում մեկ շաբաթ է անհրաժեշտ լինում, կախված է լինում կերպարից։ Հագուստները նույնպես նրանք են պատրաստում, որպեսզի տիկնիկները լինեն իրենց հեղինակայինը։
Ն. Ադիլխանյանը խոստովանեց, որ շատ տիկնիկներից բավականին դժվար են բաժանվում, բայց միաժամանակ ուրախ են, որ իրենց պատրաստած իրերով կարողանում են ուրախացնել և հաճույք պատճառել այլ մարդկանց։
Բացի տիկնիկներից, ընկերուհիները նաև կրծքազարդեր են պատրաստում՝ կրկին տիկնիկի կերպարով։ Առաջիկայում ցանկանում են երեխաների համար պայուսակներ և մազակալներ պատրաստել։
«Տեսնենք... Ավելի լուրջ մտահղացումներ էլ կան, սակայն կա իրացման խնդիր։ Մեր պատրաստած իրերը ներկայացվում են միայն առցանց տարբերակով, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Նատալյա Ադիլխանյանը։
Լուսանկարները՝ NaNi Handmade ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Ծովինար Սանը ներկայացնելու է հայկական զարդանախշերով ասեղնագործած հագուստներով տիկնիկներ
- Ձեռակերտ տիկնիկներ՝ արծաթե դարի զգեստներով. Երևանում բացվելու է նորաձևության ցուցահանդես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան