Արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է. Ջանջուղազյան
«Արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է»,- այս մասին այսօր Ազգային ժողովում 2018թ-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:
Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված գյուղատնտեսության արտադրանքի արտահանման անկումը: Նա նաև նշեց, որ թեև Հայաստանում դինամիկ աճում է ՏՏ ոլորտը, սակայն վիճակագրության համաձայն, այստեղ ևս ծավալները նվազել են:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ արտահանելի և ոչ արտահանելի հատվածներում ունենք շահութաբերության մակարդակի տարբերություն՝ մոտավորապես 8 տոկոսային կետով:
«Փողն այդպիսի հատկանիշ ունի՝ գնում է այնտեղ, որտեղ ավելանալու հավանականությունը մեծ է և մեր ջանքերն ուղղված են նրան, որ փոխենք հենց այս կառուցվածքը»,- ասաց նա:
Դրա համար, ըստ ֆինանսների նախարարի, կառավարությունը այնպիսի որոշումներ է ընդունել, որը հնարավարություն է տալիս աջակցել այն տնտեսվարողներին, որոնք ավելի շատ արտահանմանը միտված արտադրություն ունեն։
«Այո, արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է, սակայն Կառավարության ջանքը չի ուշանա: Հուսով եմ, որ մենք հաջողություններ կարձանագրենք այստեղ»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
Արկադի Խաչատրյանն էլ նշեց, որ կառավարությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն արտահանելի հատվածի զարգացման մասով: Ըստ նրա՝ առաջնային քայլերը պետք է լինեն ներմուծման փոխարինումն ու արտահանման խրախուսումը, բացի այդ պետք է մեծ ուշադրություն դարձնել տեխնոլոգիական վերազինմանը:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է հստակ գնահատական լինի. Թունյանը՝ նախարարին
- ԱԺ-ն քննարկում է 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը