ԱՄՆ-ի Կոնգրեսը նախատեսում է $40 մլն հավելյալ օգնություն տրամադրել Հայաստանին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40մլն դոլարի հավելյալ օգնություն տրամադրելու՝ կոնգրեսական Ջեքի Սփիրի նախաձեռնությունը։ Այս մասին ասվում է Ամերիկայի Ձայնի տեսանյութում։
Կոնգրեսում Հայաստանին հավելյալ օգնության տրամադրմանը կողմ է քվեարկել գրեթե երկու-երրորդը՝ 268 ներկայացուցիչ։ Նախաձեռնության հեղինակ, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրի խոսքերով, Միացյալ նահանգների կողմից Հայաստանին հավելյալ օգնության տրամադրումը կարևոր խորհրդանշական քայլ է նաև, քանի որ վկայում է, որ ԱՄՆ-ում գնահատում են Հայաստանի կողմից թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության ճանապարհին արված լուրջ քայլերը։
Նշվում է, որ ավելի վաղ, խոսելով Ներկայացուցիչների պալատում իր նախաձեռնության վերաբերյալ, կոնգրեսական Սփիրը նշել էր, որ հավելյալ 40մլն դոլարի օգնությունը կօգնի Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և կառավարության պատասխանատվության մեծացմանը։
«Հավելյալ 40մլն դոլարի տրամադրումը մի փոքր աջակցություն է մի երկրի, որն ինքնուրույն կառուցել է ժողովրդավարություն»,-ասում է Ջեքի Սփիրը։
Հայաստանի համար, Ջեքի Սփիրի կարծիքով, թավշյա հեղափոխությունից հետո եզակի հնարավորություն է բացվել միավորվելու և ժողովրդավարության ճանապարհով երկիրը հասցնելու բարգավաճմանը։