Դատավոր Դանիելյանը դիմում է ստացել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատական նիստում հայտարարեց, որ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Հովհաննես Խուդոյանի կողմից դիմում է ներկայացվել՝ կապված մասնագիտական պարտականություններն իրականացնելու առնչությամբ առաջացած դժվարությունների հետ։
«Իմ գործողությունները դատական նիստում ուղղված են եղել սույն գործով և առհասարակ դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելուն, մեկից ավելի անգամ դատարանը հանդես է եկել հորդորով, խնդրել է, որպեսզի կարգը պահպանվի նիստում, հարգալից վերաբերմունք դրսևորվի դատարանի նկատմամբ, նաև դատավարության մասնակիցների, այդ թվում պաշտպանության կողմի նկատմամբ։
Եվս մեկ անգամ հորդորում, խնդրում եմ բոլորին, ինչպես դատարանի, այնպես էլ դատավարության մասնակիցների, նաև պաշտպանության կողմի նկատմամբ պահպանել խիստ հարգալից վերաբերմունք։ Պաշտպանության կողմն իր աշխատանքն է կատարում, իր առաքելությունն իրականացնում»,- ասաց դատավորը։
Այնուհետև Հ. Խուդոյանը հետաքրքրվեց «Մարտի 1»-ի իրադարձություններից տուժող Բաբկեն Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանի բաց նամակով՝ ուղղված դատավոր Ա. Դանիելյանին։
Դատախազ Բաղդասարյանը հայտարարեց, որ մեղադրյալի պաշտպանը չի կարող պարզաբանումներ ակնկալել, պահանջել տուժողի կամ նրա ներկայացուցչի իրավունքների պաշտպանության, դրանց ապահովման կապակցությամբ։
«Չփորձել արհեստական մեկնաբանություններով, պարզաբանումներով ձգձգել դատական նիստը, չծանրաբեռնել այս դատական նիստը բաց նամակների հրապարակումներով, պարզապես լուրջ չեմ վերաբերում դրանց։ Իսկ եթե դատարանը ստացել է դիմումներ, հետևաբար դատարանը պետք է լուծի դրանց ընթացքը ոչ հրապարակին քննարկման արդյունքում»,- հայտարարեց դատախազը։
Դատավորն ասաց, որ այդ անձի դիմումը գտնվում է ուսումնասիրության փուլում, դատարանը պետք է դիրքորոշում ձևավորի, իսկ ինքը պարբերաբար գտնվում է խորհրդակացական սենյակում։
«Խոսք եմ տալիս դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում կարձագանքի»,- ասաց դատավոր Դանիելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան