Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը կշարունակվի վաղը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննություն ժամանակ դիրքորոշումներ հայտնեցին «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները։
«Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասաց, որ 2008. թ մարտի 1-ի երեկոյան 9-ին սադրիչները երիտասարդներին տարել են կրակի բերանը։ Նա պատմեց, որ ժամը 21։10-ին զանգել է իր տղային, չի վերցրել, հետո վերցրել է մի աղջիկ ու ասել, որ այս հեռախոսի տերը գտնվում է հիվանդանցում։
«Երեք անգամ գրավոր գրել եմ, թե ով է անմիջապես սպանել իմ տղային, ով է անմիջապես հրաման տվել սպանել այս մարդուն և Տիգրան Խաչատրյանին։ Քննիչն ասել է՝ զենքի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով ձեր երեխաները զոհվել են»,- ասաց նա։
Ս. Քլոյանը նաև հարցադրում արեց. «Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին մի հատ հրաման արձակեր՝ չկրակել ժողովրդի վրա, ասեր՝ ինչ ուզում եք արեք, ծեծեք, ձերբակալեք, բայց մի կրակեք ժողովրդի վրա»:
Նա նշեց, որ 1996 թվականին, երբ ընդդիմությունը գրավեց ԱԺ շենքը, մտան ԱԺ նախագահի, փոխնախագահի գլուխը ջարդեցին, այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը կարգադրել է միայն օդ կրակել և ոչ մի զոհ չեղավ։
«Նույն բանը թող ասեր Ռոբերտ Քոչարյանը: Եթե ասեր, մենք էլ հիմա այստեղ չէինք լինի, ինքն էլ երևի չէր դատապարտվի»,- ասաց Ս. Քլոյանը։
2008-ի մարտի 1-ին սպանված ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, պարբերաբար հարցադրում էր անում՝ «ո՞վ կարող է պատասխանել, ինչի՞ համար զոհվեց իմ որդին»։
«Ներքևի հատվածում անկարգություններ էին կատարվում, բա Լեոյի փողոցում ո՞վ կար, որ իմ երեխուն խփեցին, ինչո՞ւ համար, որ ապացուցեին, որ զորքի կողմից էլ զոհեր կան ու հատուկ դրություն պետք է մտցնե՞լ քաղաքում։ Ո՞վ է հրաման տվել, որ պետք է զինվոր խփեն։ Կարող եք այդ հարցին պատասխանել։ Ինձ համար հիմա միևնույնն է, իմ որդին հետ չի գա։ Նա ուսանող էր, իրավաբանականի երկրորդ կուրսի, նա մեծ ծրագրեր ուներ իր կյանքի, ապագայի մասին, կարող է հիմա ձեր նման մեկի փոխարեն իմ որդին նստած լիներ։ 11 տարի է չեմ կարողանում հասկանալ, թե իմ երեխեն ինչի է զոհվել։ Մինչև հիմա պայքարում եմ, որ գոնե իմանամ, թե էդ որ շուն շան որդին էր իմ որդու վիզը կտրեց կանգնած տեղը։ Ով կպատասխանի՝ ինչի՞ համար զոհվեց իմ որդին։ Ինձ համար հիմա միևնույնն է՝ կդատվի Քոչարյանը, չի դատվի Քոչարյանը, կնստի որևէ մեկը, իմ որդին հետ չի գա հիմա արդեն։ Բայց ի՞նչն էր պատճառը, որ իմ որդին զոհվեց»,- ասաց Ռ. Հարությունյանը։
Նշենք, որ այսօր դատական նիստը հետաձգվեց, կշարունակվի հունիսի 20-ին ժամը 14։00-ին։
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննվում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները։ Դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։
Այսօրվա նիստում դատախազները, տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ներկայացրեցին իրենց բողոքների հիմքերը։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազ. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անհամաչափ է
- Առկա է դատական սխալ. Դատախազը` Քոչարյանի գործով կայացված որոշման մասին
- Դատավոր Դանիելյանը դիմում է ստացել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննությունը կշարունակի դատավոր Դանիելյանը
- Կրկին ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
- Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը հայցեց բոլորի ներողամտությունը
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրանց ընդդիմադիրները կրկին դատարանի բակում են
- Ալումյան. Դատարանների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն ահաբեկել դատավորներին, որոնք պետք է քննեն Քոչարյանի գործը
- Ռոբերտ Քոչարյան. Այս գործը «սարքելու» համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու
- Քոչարյանի գործով դատավորին ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում