Վրաստանի վարչապետ․ Շատ բարդ է տեսնել օկուպանտ երկրի պատգամավորին Վրաստանի խորհրդարանի բարձր ամբիոնին
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն անդրադարձել է Վրաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցած միջադեպին, որտեղ անցկացվում էին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքները և որին ներկա էին ՌԴ պատգամավորներ։
Բախտաձեն նշել է, որ իր համար շատ բարդ էր տեսնել Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռից ռուս պատգամավորի խոսքը:
«Ես լիովին կիսում եմ վրաց ժողովրդի բողոքը միջադեպի կապակցությամբ և կազմակերպիչներին կոչ եմ անում բացատրել, թե ինչպես դա կարող էր պատահել», - ասել է Բախտաձեն:
Ինչպես գրում է վրացական agenda կայքը, Վրաստանի ընդդիմադիր պատգամավորները ընդհատել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստն այն բանից հետո, երբ վեհաժողովի նախագահ և ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովն այսօր ելույթ էր ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռից:
«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորները նույնպես դատապարտել են տեղի ունեցածը, նշելով, որ Վեհաժողովի հույն գլխավոր քարտուղարը պետք է անցկացներ միջոցառումը, այլ ոչ թե Գավրիլովը:
Գավրիլովն էլ ասել է, որ Վրաստանի խորհրդարանի «արմատական խմբավորումները» դադարեցրել են Վեհաժողովի աշխատանքներն ու վիրավորել իրեն։
Ներկայում Վրաստանի խորհրդարանի դիմաց մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում։
Նշենք, որ Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ, որոնք միջադեպի ժամանակ դուրս են եկել դահլիճից ու վերադառնում են Հայաստան։