«Ի՞նչ վեթթինգ, գնդակահարեք այդ մարդուն»
«Հեղափոխության հենց առաջին օրերին հայտարարվեց, որ վերջ՝ դատավորների գործերին չենք խառնվում։ Շատ զարմանալի էր, որովհետև ես երկու տարբերակ էի մտածում՝ կամ մարդ բացարձակապես չհասկացավ, թե ինչ ասաց, որովհետև այս համակարգը դեռ կառավարման կարիք ունի, կամ էլ մենք գործ ունենք, իրոք, հեղափոխական դատական փոփոխության հետ»,- «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած ներքին, արտաքին ու դատաիրավական իրավիճակը վերջին մեկ տարում թեմայով «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով, դատավորները լավն էին, քանի դեմ դատական ակտ չէին կայացնում, հենց ազատ արձակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «վերջ, դատավորները դարձան թշնամի»։
«Շատ արագ 100 տարի հետ գնացինք»,- նշեց փաստաբանը։
Խոսելով վեթթինգի մասին՝ Աթանեսյանը հարցադրում արեց. «Ո՞վ է վեթթինգ անելու։ Ծիծաղս գալիս է՝ այդ վեթթինգ անողները վեթթինգ կանցնե՞ն»։
«Իմ կարծիքով, առաջին ատյանի դատարաններում ամենաարդար դատավորը, իրոք, արդարադատության, անկաշառության, մարդկային ազնվության տիպար, Դավիթ Հարությունյանն է, Հրաչյա Հարությունյանի, որին «Կրակեմ Հրաչ» են ասում, որդին։ Հիմա եթե այս մարդուն փորձեն վեթթինգի ենթարկել, ծագումնաբանությունը՝ նախկին քրեաօլիգարխիկ, ընկերների մեջ՝ մեղադրյալ, հետախուզվող Վահագն Հարությունյան, հաշվին՝ բավականին լուրջ գումաներ։ Ի՞նչ վեթթինգ, գնդակահարեք այդ մարդուն, բայց վստահեցնում եմ՝ մարդիկ եկեղեցում մոմ են վառում, որ գործը նրա մոտ է ընկնում, գիտեն օբյեկտիվ է լինելու։ Բայց կան դատավորներ, որոնք ոչինչ չունեն, բայց հոգի էլ չունեն, դատավոր չեն, երբեք չեն դառնա։ Չափանիշ չկա։
Չունենալով պետության ձևի մասին մեր ազգային պատկերացումը, վերցնել ինչ -որ մոդել, բերել, երբեք չենք մտածում այն իրականում ունենալու մասին, այն դեռ մեր մեջ էլ չկա»,- նշեց փաստաբանը։
Տ. Աթանեսյանի խոսքով, ոչ մի իշխանություն ազնիվ չի եղել, երբ խոսել է անկախ դատական համակարգի մասին. «Փորձենք հավատալ այս իշխանությանը և տեսնենք, թե ինչ են անելու։ Պետք է դատաիրավական լուրջ ռեֆորմ։ Առնվազն 5-6 տարի է պետք»,- ասաց նա։
Փաստաբան Տ. Աթանեսյանը նշեց, որ այսօր խոսում են կոռուպցիոն դատարանի մասին, ապա օրինակ բերեց ուկրաինականը. «Դատավորների ընտրությունը նման է Եվրատեսիլի քվեարկությանը, սեպտեմբերին պետք է սկսի աշխատել, առաջին գնահատականները պատրաստվում են տալ 5-6 տարուց։ Ինչո՞ւ ենք ներմուծում, միգուցե լավ բան չէ, միգուցե դա կլինի ամենակոռումպացված մարմինը երկրում։ Չունենք իրավաբանական միտք, ամեն դեպքում մեր իշխանությունը հաստատ չունի՝ ինչ է պետք անել այդ համակարգի հետ։ Արդյո՞ք կարող է այս իշխանությունը գնալ այն մեծ քայլի, որի ջատագովն եմ ես. դատական իշխանությունը ևս փոխանցել ժողովրդին հանձինս երդվյալ ատենակալների դատարանի։ Իսկ ո՞վ ասաց, որ մենք հանցագործ ժողովուրդ ենք։ Բացարձակապես։ Հավատացեք, այդպես չէ, պարզապես չենք հավատում նրան, ինչ ունենք»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենը ցույց տալ արդյունքներ. Մելիք-Շահնազարյան
- Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է
- Թևանյան. Իշխանությունը փորձելու է հասարակության մեջ թշնամիներ գտնելու ճանապարհով պահել իր տեղը
- Էլինար Վարդանյան. Շղթայական տապալման պրոցեսով ենք գնում
- Ռուբեն Հակոբյան. Նիկոլ Փաշինյան վարչապետը դաժանորեն պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադրին