Ադրբեջանական մամուլը հայտնում է Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման մասին
Ադրբեջաբական մամուլում նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է վարում ֆրանսիական Nexter, Thales, CS Communications, Lacroix և այլ ընկերությունների հետ՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով:
Մասնավորապես, նշվում է ռազմական արտադրանքի համատեղ արտադրության մասին, քննարկվում է Ադրբեջանում զրահամեքենաների, ծովային և օդային ռոբոտային զենքի համատեղ արտադրության հարցը: Ըստ տեղեկության, պայմանագրի իրականացման համար հուլիսին Nexter ընկերության ներկայացուցիչները կայցելեն Բաքու: Thales ընկերության հետ քննարկվում է վերահսկողության և ռադիոտեղորոշիչ համակարգերի համատեղ արտադրության հարցը։
Այս համագործակցության մասին ֆրանսիական մամուլում տեղեկություններ չհաջողվեց գտնել։
Նշենք, որ Ֆրանսիան և մի շարք երկրներ 1990-ականներին Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգո էր սահմանել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված։ 2018թ․-ի հուլիսին ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ֆրանսիան հանել է զենքի վաճառքի էմբարգոն։
Այս տեղեկությունը, սակայն հերքել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը՝ նշելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Ֆրանսիան, սակայն շարունակում է որոշակի արտադրանքների վաճառքը էմբարգոյի տակ գտնվող երկրներին։ Ինչպես 2018թ․-ի մարտի իր վերլուծականում գրել էր ֆրանսիական Le Parisien կայքը, Ադրբեջանը երրորդ տեղում է էմբարգոյի տակ գտնվող երկրներից, որի Ֆրանսիան ռազմական արտադրանք կամ նյութեր է վաճառել, ընդհանուր 148,4մլն եվրոյի։ Առաջին և երկրորդ տեղերում են Չինաստանն ու Ռուսաստանը։